Սեքվոյադենդրոն հսկայական
Սեքվոյադենդրոն հսկայական | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Sequoiadendron giganteum
Lindi
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
Սեքվոյադենդրոն հսկայական (լատին․՝ Sequoiadendron giganteum), գետնանոճազգիների ընտանիքի, սեքվոյադենդրոն ցեղի բույս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի երկրորդ կեսին, երբ սպիտակամորթ մարդուն հայտնի է դարձել սեքվոյայի պուրակի տեղը, սկսվել է այցելուների անվերջանալի երթը։ Շուտով որոշվել է սղոցել ծառերից մեկը՝ համաշխարհային ցուցահանդես տանելու համար։ Կտրված սեքվոյայի կոճղի վրա ազատ կերպով տեղավորվում էին դաշնամուր, չորս երաժիշտներ, 16 պարող զույգեր և դեռ 20 հանդիսականներ էլ կարող էին կանգնել կոճղի եզրերին։ Հսկաներից մեկի բնի փչակում փոքրիկ ռեստորան է տեղավորված։ Անցյալ դարի վերջում «Վախվո-նախ» (Նավախ ցեղի լեզվով նշանակում է «մեծ ծառ») սեքվոյայի բնի միջով անցկացվել է թունել 8,7 մ երկարությամբ, 2,5 մ լայնությամբ և 3,0 մ բարձրությամբ, որի միջով ազատորեն կարող են անցնել անգամ բեռնատար ավտոմեքենաներ։
1890 թվականին հիմնադրվել է սեքվոյայի ազգային պուրակ-արգելանոցը։ 36 տարի հետո պուրակի տարածությունը կրկնապատկվել է։ 1956 թվականին հյուսիսային կողմից սեքվոյաների պուրակին է միացվել «Թագավորական կիրճ» արգելանոցը։ Պետության պահպանության տակ է վերցվել նաև հռչակավոր Յուսեմիտյան հովիտը։ Մամոնտածառն առաջին անգամ Եվրոպա է բերվել 1854 թվականին։ Ռուսաստան է ներմուծվել 1860 թվականին։ Ներկայումս լայնորեն տարածված է Կովկասի սևծովյան ափերին։ Բաթումում 45 տարեկան մի ծառ ունի 22 մ բարձրություն և 87 սմ բնի տրամագիծ։ Հայաստանում սեքվոյան առաջին անգամ աճեցվել է սերմերից՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի բուսաբանական այգու Վանաձորի բաժանմունքում։ Պահպանված երկու ծառերը ներկայումս 45 տարեկան են, ունեն 20 մ բարձրություն, բնի հաստությունը կազմում է 80 սմ։ Տարեկան միջին աճը մոտավորապես 50 սմ է, որը զգալիորեն գերազանցում է Նիկիտյան բուսաբանական այգու ցուցանիշներին։ Վերջին 5-6 տարում Վանաձորի սեքվոյաների աճը զգալիորեն ավելացել է և ներկայումս տարիքն անցնում է հազարից։ Կան նաև 3-4 հազար տարեկան ծառեր։ Վանաձորի պայմաններում մամոնտածառն առանձնապես էկոլոգիական ճնշվածություն հանդես չի բերում։ Սեքվոյան լավ է աճում նաև Բագրատաշենի, «Ջեյթուն» սովխոզի դեկորատիվ պուրակում, Իջևանի դենդրարիում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիգանտ, մշտադալար ծառեր են՝ 50-100 մ և հաճախ ավելի մեծ բարձրությամբ։ Բնի տրամագիծը կարող է հասնել մինչև 10 մ։ Փշատերևները դասավորված են պարուրաձև, ունեն 3-6, երբեմն 12 մմ երկարություն, նեղ-նշտարաձև են, մոխրականաչավուն։ Կեղևը հաստ է, բազմամյա, ծեր ծառերի հաստությունը հասնում է մինչև 60 սմ-ի, խոր ակոսավորված է, կեղևից անջատվում է մինչև 1 մ երկարության հասնող լայն շերտերով։ Ընձյուղները թեթևակի կապտականաչավուն են, հետագայում ստանում են կարմրաշագանակագույն գունավորում։ Բողբոջները կանաչ են, մերկ, առանց թեփուկների։ Կոները, որոնք հասունանում են երկրորդ տարում, օվալաձև են՝ մինչև 8 սմ երկարությամբ և 4,5 սմ հաստությամբ։ Մինչև հասունանալը կանաչ են, այնուհետև՝ շագանակագույն։ Սերմերը բազմաթիվ են, բաց դեղնավուն, մինչև 6 մմ երկարությամբ, էլիպսաձև, երկու կողմերից նուրբ թևիկներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հսկա սեքվոյաները կամ մամոնտածառերը ներկայումս պահպանվել են միայն Կալիֆոռնիայում` Սիերա-Նևադա լեռների արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից 1300-500 բարձրության վրա։ Դրանք մի ժամանակ տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, նույնիսկ Գրենլանդիայում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեքվոյադենդրոնի բնափայտը չի փտում, վնասատուներով ու հիվանդություններով չի վարակվում, քանի որ մեծ քանակությամբ տանին է պարունակում։ Սեքվոյայի պուրակում ամենուրեք թափթփված են խոշոր, հողմնահարված քարի բեկորներ հիշեցնող բնի կտորներ, որոնք երբեք չեն փտում, այլ ժայռի նման փշրվում են անձրևների, սառնամանիքների ու քամիների ազդեցության տակ։
Հրդեհները և կայծակները վտանգավոր չեն սեքվոյայի համար։ Նրա բնի հաստ կեղևն արտաքինից ածխանում և ծառը պահպանում է կրակից։
Սեքվոյաների պուրակում գտնվող գրեթե բոլոր խոշոր ծառերն էլ իրենց անուններն ունեն` «Մագելլան», «Կոպեռնիկոս», «Գալիլեյ», «Քրիստափոր Կոլոմբոս», «Գեներալ Շերման»։ Ամենախոշոր ծառը կոչվում է «Անտառի պարոն էվերեստ» և ունի 112 մ բարձրություն։ Նրա բնի միջով ավտոխճուղի է անցնում։ Սեքվոյայի 300-400 տարեկան ծառերը կազմում են յուրատեսակ անտառներ։ Տարիքը մեծանալուն զուգընթաց ծառերը աստիճանաբար նոսրանում են, և անտառը կորցնում է իր բնորոշ տեսքը։ Երբեմն կործանվում են նաև հազարամյա ծառերը։ 1880 թվականին Ջոն Մյուիրը հաշվեց տապալված ծառերից մեկի բնի տարեկան օղակները։ Պարզվեց, որ ծառը 4000 տարեկան էր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 69։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքվոյադենդրոն հսկայական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքվոյադենդրոն հսկայական» հոդվածին։ |
|