Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 20-ին, Նոր Նախիջևանում, գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Պատկանյանների գերդաստանը շատ հայտնի էր ոչ միայն իրենց քաղաքում, այլև ամբողջ Կովկասում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ Ճեմարանը չավարտած՝ մեկնում է Թիֆլիս և Ներսիսյան դպրոցում դասավանդում ռուսերեն։ Բարձրագույն կրթություն ստանում է 1851 թվականին Դորպատի համալսարանում, ինչի ճանապարհը նրա առաջ բացել էր Խաչատուր Աբովյանը։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է սեպտեմբերի 7, 1892 թվականին Նոր Նախիջևանում։
Առաջին ստեղծագործությունները եղել են՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։
1852 թվականին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քաթիպա ընկերությունը։ 1855 թվականին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում։ Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նաև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։
Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Ես նշանած էի, Փառասեր, Տիկին և Նաժիշտ, Մոնթեն մինչև վեր, Թոմաս Բոցարիս, Նոր Նախիջևանի պատմվածքներ, Հոդվածներ, Հուշեր, Ճառեր, Նամակներ, Երևան, 1980, 664 էջ։
Երկեր, Երևան, 1984, 336 էջ։
Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 332 էջ։