Հյուսիսային Կովկաս
Հյուսիսային Կովկաս, ընդգրկում է Նախակովկասը և Մեծ Կովկասի հյուսիսային լանջը։ Հյուսիսային Կովկասում են Ռոստովի մարզի հարավային մասը, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերը, Կաբարդինո-Բալկարական, Հյուսիս-Օսեթական, Չեչնիա, Ինգուշեթական, Դաղստանի ինքնավար հանրապետությունները, որոնք կազմում էին նախկին ԽՍՀՄ-ի Հյուսիս-Կովկասյան տնտեսական շրջանը։
Իսլամը Հյուսիսային Կովկասում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտապես խիտ բնակեցված Կովկասի լեռնային և մասամբ նախալեռնային շրջանները վաղ միջնադարում իրենցից ներկայացնում էին բազմաթիվ ցեղերի կուտակումներ։ Դեռ հնուց Լեռնային Կովկասը շատ ժողովուրդների համար ապաստարան է եղել։
Հյուսիսային Կովկասը, ըստ էթնիկական կազմի, իրենից ներկայացնում է անմիատարր տարածք` բնակեցված բազմաթիվ ազգերով։ Դրանց մի մասը բազմաքանակ է, իսկ մյուսներն էլ մի քանի հազար են։ Շատ ժողովուրդներ ունեն իրենց լեզուն, որոշներն էլ կամ կորցրել են լեզուն կամ էլ ձուլվել են ավելի մեծ լեզվաընտանիքների։ Որոշները համարվում են Կովկասի բնիկ ժողովուրդներ, իսկ մյուսները այս տարածքում վերաբնակվել են բոլորովին վերջերս։
Հյուսիսային Կովկասի տարբեր ազգային խմբերի փոխազդեցությունն արտացոլվել է նրանց լեզվի, մարդաբանական տեսակի, նյութական և հոգևոր մշակույթի առանձնահատկություններում։
Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներն են ադիգները, ավարները, լակցիները, դարգինները, ինգուշները, կաբարդինո-բալկարները, չերքեզները, օսերը և չեչենները։
Հյուսիսային Կովկասը հնուց բնակեցված էր ադիգների նախնիներով, ովքեր հայտնի են նաև որպես ղաշաղներ կամ զիքեր։ Ադիգեական ցեղերը վաղ միջնադարում համարվում էին Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդներից մեկը` զիջելով միայն ալաններին։ Նրանք միշտ մասնատված էին և թշնամացած էին ոչ միայն իրենց հարևանների, այլև միմյանց հետ։ Ադիգները` որպես Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներ, ունեն “ադիգե” էթնոնիմը։
Հնագույն ժամանակներում իրենց “ադիգե” էին կոչում նաև չերքեզները։ Չերքեզների էթնիկական ձևավորումը տեղի է ունեցել հին ադիգեական ցեղերի հիման վրա, ովքեր բնակեցված էին ժամանակակից Չերքեզիայի տարածքում։ “Չերքեզ” տերմինի ծագումը կապված է 13-րդ դարի քաղաքական իրադարձությունների հետ։
Ժամանակակից կաբարդինների նախնիները, ովքեր նույնպես հայտնի են ադիգե անունով, մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսերին Թամանի թերակղզում ունեին իրենց պետական միավորումը, որը հետագայում մտավ Բոսպորի թագավորության կազմի մեջ։ 4-րդ դարում հոների արշավանքը ստիպեց ադիգեյցիներին վերաբնակվել Կովկասի լեռների մոտ։ Մոտավորապես այդ նույն ժամանակ հյուսիսկովկասյան ցեղերի և Մերձազովյան բուլղարների միախառնման արդյունքում ձևավորվեց բալկարիական ազգը։ 13-րդ դարում մոնղոլ-թաթարների ներխուժման հետ կապված բալկարների նախնիները վերաբնակվեցին լեռներում։ 14-րդ դարում ադիգների մի մասը ստացավ կաբարդիններ անվանումը և զբաղեցրեց բնակչության ժամանակակից տարածքը։
Ավարները, աղուլները, անդինները, արչինները, բեժտինները, բոտլիհները, հինուհները ձևավորում են Դաղստանի ժողովուրդների ամբողջությունը։ Չեչենների և ինգուշների նախնիներն են համարվում վայնախները։ Ինգուշների ինքնանվանումը գիտնականների մեծ մասի կողմից թարգմանաբար նշանակում է “աշտարակների բնակիչներ”: Ինգուշական աշտարակները համարվում են Հյուսիսային Կովկասի խորհրդանիշներից մեկը։ “Ինգուշը” ժողովրդի ռուսական անվանումն է, որն առաջին անգամ ռուսական աղբյուրներում հայտնվել է 18-րդ դարում և ծագում է 17-րդ դարում ինգուշների կողմից հիմնված Անգուշտ բնակավայրի անվանումից։ Չեչենները Հյուսիսային Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդն են։ Չեչենների էթնոնիմն է “նոխչո” (հին անվանումը` “նախչա”, որը թարգմանաբար “նախ” վայնախական բառից նշանակում է ժողովուրդ, մարդիկ)։
Օսերը համարվում են ալանների սերունդները, ովքեր Կովկասում հիշատակվում են մեր թվարկության 1-ին հազարամյակի սկզբներից, թեև, անկասկած, նրանք այստեղ են եկել ավելի վաղ։ Այս ժողովրդի պատմությունը համարվում է բարդ ուսումնասիրության համար։ Բազմաթիվ գիտնականների մի քանի սերունդների ուսումնասիրությունները հաստատել են, որ օսերի էթնոգենեզը նախևառաջ Հյուսիսային Կովկասի սկյութա-սարմատա-ալանական ցեղերի երկարատև ներքին զարգացման արդյունք է։
7-րդ դարի կեսերից արաբները Դաղստանի գրաված շրջաններում սկսեցին տարածել իսլամ։ Միաժամանակ նրանք դիմում էին ոչ միայն զենքի ուժին, այլև խաղաղ միջոցների, հաճախ` հարկային քաղաքականության։ Նրանք, ովքեր ընդունում էին իսլամ, ազատվում էին շնչահարկից, երբեմն էլ հողահարկից։ Շատ չանցած արաբները սկսեցին նաև միսիոներական գործունեություն։ Դրա արդյունքում որոշ ժամանակ անց իսլամը սկսեց տարածվել Դաղստանի լեռնային շրջաններում։ Այս գործընթացը տևեց հարյուրամյակ, ընդ որում բնակչության նշանակալի մասը, հատկապես լեռների բնակիչները մնում էին նախկին հավատալիքների հետևորդները մինչև 15-րդ դարի վերջը։
Հատկանշական է, որ իսլամի երկրպագուներ էին դառնում նախ և առաջ տեղական ֆեոդալները։ Ամբողջ մուսուլմանական կրոնը համակված էր հնազանդության գաղափարով, որը համապատասխանում էր իրենց դասակարգային հետաքրքրություններին։ Այն օգնում էր աշխատող լեռնականներին պահել հնազանդության մեջ և նրանց շեղել դասակարգային պայքարից ու հեղափոխական գործողություններից։ Ֆեոդալները ստիպում էին իրենց գյուղացիներին ընդունել նոր կրոնը։ Կարելի է ասել, որ այն ծնվել է ֆեոդալիզմի պայմաններում և ամենից լավ ծառայում էր ֆեոդալական դասակարգին։
Ինչպես մյուս երկրներին ու ժողովուրդներին, չեչենա-ինգուշական ժողովրդին նույնպես իսլամը բռնությամբ էր պարտադրվում։ Դա անում էր տեղական ֆեոդալական վերնախավը արաբ և այլ միսիոներների օգնությամբ։ Ժողովրդական զանգվածները ջանում էին հավատարիմ մնալ հին հեթանոսական աստվածներին։
Մուսուլմանական միսիոներները սկսեցին ակտիվորեն Դաղստանից Չեչնիա թափանցել 16-րդ դարից։ Շատ ժողովրդական լեգենդներում պատմվում է, թե ինչպես ավարական և կումիկական մուլաները չեչենական գյուղերում վարձվում էին որպես հովիվներ և այնտեղ տարածում իսլամը։ Քանի որ 15-17-րդ հարյուրամյակներում չեչենական և ինգուշական լեռնական հասարակությունը գտնվում էր զարգացման ավելի վաղ փուլում, քան իրենց հարևանները` դաղստանցիներն ու կաբարդինները, որտեղ տեղի էր ունենում ֆեոդալական հարաբերությունների զարգացում, ապա բնական է, որ նրանք ձգտում էին իրենց ազդեցությունը հաստաատել չեչենների և ինգուշների վրա։ Բացի դրանից նրանց հետաքրքրում էր Չեչենա-Ինգուշեթիայի դիրքը, որի նկատմամբ հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում որոշ դաղստանցի ֆեոդալներ։
Բնականաբար, ձգտելով քաղաքականորեն հաստատվել այն տարածքում, որտեղ ապրում էին չեչեններն ու ինգուշները, ֆեոդալները ջանում էին ամրապնդել իրենց գաղափարական դիրքերը։ Դրա համար էլ նրանք ակտիվորեն տարածում էին իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի այդ հատվածի բնակչության վրա։ Քանի որ այդ ժամանակ Դաղստանում իսլամը կրոնի գերիշխող ձևն էր, ապա դաղստանական ֆեոդալները օգտագործում էին այն իրենց քաղաքական նպատակներում Չեչենա-Ինգուշեթիա թափանցելու և այն տեղի բնակչության շրջանում տարածելու համար։ Դա բավական երկար գործընթաց էր։ Չեչենա-Ինգուշեթիայի որոշ ցեղերի մոտ իսլամը թափանցեց ավելի վաղ, իսկ մյուսների մոտ` բավական ուշ։
Չեչենական բնակավայրերից իսլամը սկսեց տարածվել Ինգուշեթիայի լեռնային աուլները։
Օսմանյան կայսրության պատմության ամբողջ ընթացքում ստամբուլական սուլթանների և պարսկական շահերի միջև մրցակցություն էր տեղի ունենում։ Շատ տարիների ընթացքում սուլթանական Թուրքիայի և շահնշահական Իրանի միջև տեղի էին ունենում արյունահեղ և հյուծիչ պատերազմներ։ Արդեն 15-րդ դարում Թուրքիայի ձեռքն անցան Վրաստանի սևծովյան ափը, Աբխազիան։ 1475 թ. նվաճվեցին Սև ծովի ափերի ջենովական և վենետիկյան գաղութները։ Փաստացի Թուրքիայի ձեռքերում էր Ղրիմը, որի խանը դարձավ սուլթան-հավատակցի վասալը։
Ձգտելով ամրապնդել իրենց ազդեցությունը Ադիգեայում, Կաբարդիայում և Չերկեսիայում` նվաճողները արմատավորում էին իսլամը։ Սակայն թուրքական փաշաները և Ղրիմի խաները այդ ռազմական արշավանքները միայն հանուն իրենց կրոնի տարածման չէին կատարում։ Իսլամական կրոնը հանդիսանում էր միայն վառ նվաճողական բնութագիր ունեցող այդ արշավանքների նշանը։
Մուսուլմանական պաշտամունքի հետևորդներն այն շրջաններում, որտեղ իսլամը գերիշխող կրոն էր, մոտ էին գտնվում իշխող դասակարգին։ Չնայած առանձին լեռնական ժողովուրդների, օրինակ կաբարդինների մոտ, իսլամն արդեն 17-րդ դարում սկսեց նշանակալի դեր խաղալ, սակայն տեղական բնակչության շրջանում մուսուլմանական հոգևորականությունը մեծ հեղինակություն չուներ։ Մուլլերը և ղադիները ամենայն հավանականությամբ եկվորներ էին Ղրիմից և Թուրքիայից։ Նրանք լեռնականների շրջանում պարտադրում էին օտար սովորույթներ և բարքեր։ Տեղական բնակչությունը հատկապես դիմադրեց մուսուլմանական կրոնական-ֆեոդալական օրենքին` շարիաթին, նախընտրելով ադատներով դատավարությունը։ Երբեմն այն ստիպում էր հոգևորականությանը իր գործունեությունը հարմարեցնել տեղական ադատներին։
Հետևաբար, ի տարբերություն Արևելյան Կովկասի, որտեղ իսլամի տարածումը այս կամ այն աստիճանով կապված էր արաբների նվաճումների հետ, Հյուսիսային Կովկասում այդ կրոնը պարտադրում էին թուրքական սուլթանները` վարելով նվաճողական քաղաքականություն։
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին թուրքերը ներթափանցեցին Հյուսիսային Կովկասի ծովափնյա շրջաններ։ 16-րդ դարի կեսերին սկսվեց Հյուսիս-արևմտյան Կովկասի ժողովուրդների իսլամականացումը (ադիգեական և աբազինական ցեղերի)։ 16-17-րդ դարերում այստեղ այդ քաղաքականության ակտիվ քարոզիչներն էին Ղրիմի խաները։
Քաղաքական իրավիճակով պայմանավորված` ադիգեական ցեղերից որոշների մոտ իսլամը ավելի վաղ հաստատվեց, մյուսների մոտ` ավելի ուշ։ Տարածման կենտրոնը Անապան էր, որը մինչև 1829 թ. գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ։ Այդ պատճառով էլ ծովափին մոտ գտնվող ադիգեական հասարակությունները ավելի շուտ ենթարկվեցին իսլամի և թուրքական հոգևորականության ազդեցությանը, քան նրանք, ովքեր ապրում էին լեռների խորքում։ Այսպես, ճանապարհորդների վկայությամբ, ովքեր այդ ժամանակ այցելել են Հյուսիս-արևմտյան Կովկաս, 16-րդ դարի կեսերին իսլամն արդեն ամրապնդվել էր միայն ադիգեական ցեղերի շրջանում, իսկ նրանցից արևելք` Կաբարդիայում ապրող չերկեսական և աբազինական ցեղերը հեթանոսներ էին։ 1641թ. թուրք ճանապարհորդ Էվլիան, լինելով այդ վայրերում, գրում է, որ իսլամը դանդաղ ներթափանցում է Վերին Կուբանում և Ղում գետի մոտ ապրող աբազինների, չերկեսների և կաբարդինցիների շրջանում։ Արտասահմանցի ճանապարհորդներ Ասկոլին, Վիթթսենը և Շարդենը նշում են, որ դեռևս 17-րդ դարում մի քանի աբազինական ցեղեր քրիստոնյա են եղել։ Իսկ Գագրում և Պսհու գետի ափերում բնակվող աբազինների շրջանում կային անձեռնամխելի հեթանոսական սրբավայրեր։
Բավական ուշ, քան աբազինական և ադիգեական ժողովուրդների մոտ, իսլամը ներթափանցեց բալկարների և կարաչաևների մոտ։ Կարաչայի լեռներում իսլամը սկսել է ներթափանցել միայն 18-րդ դարի վերջին քառորդում։ Գերմանացի ճանապարհորդ Յուլիուս Կլապրոտը, ով 1807-1808 թթ. այցելել է Կարաչա, նշում է, որ նոր կրոնն այստեղ առաջին անգամ սկսել է քարոզել էֆենդի Իսհակ Աբուկովը 1782 թ.: Նա ծառայում էր սուլթանական Թուրքիայի կառավարությանը։ Կարաչաևցի պատմիչ Հ. Օ. Լայպանովը նշում է.”Իսհակ էֆենդիի քարոզներին ժողովուրդը թշնամաբար էր մոտենում։ Իսլամի ներմուծումը նպաստեց կարաչևո-բալկարիական հասարակության ավատական վերնախավի իշխանության ուժեղացմանը, աշխատող զանգվածների հարստահարմանը և նրանց աղքատացմանը”: Բալկարիացիների մոտ իսլամը սկսել է ներթափանցել 18-րդ դարի կեսերից։ Բայց միայն 19-րդ դարի սկզբում այն վերջնականապես հաստատվեց Կարաչայի և Բալկարիայի լեռներում, սակայն դեռ շատ տասնամյակների ընթացքում այդ ժողովուրդների շրջանում պահպանվում էին նախկին, մինչմուսուլմանական հավատալիքները։
Օսերի ճնշող մեծամասնությունը նախքան հեղափոխությունը քրիստոնեություն էր դավանում, միայն մի փոքր մասն էր մուսուլման։ Իսլամը օսերի մոտ ներթափանցեց Կաբարդիայից 17-18-րդ դարերում և տարածվեց առավելապես Հյուսիսային Օսեթիայի բարձր դասի շրջանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абазатов М. А., О вреде пережитков щариата и адатов в Чечено-Ингушетии и путях их преодоления. Грозный, 1963.
- Авксентьев А., Ислам на Северном Кавказе. Ставрополь, 1984.
- Бушуев С., Очерки истории Адыгеи. - Майкоп, 1957.
- Кушева Е. И., Народы Северного Кавказа и их связи с Россией. Вторая половина 16 века 30-е годы 18 века. - Москва, 1963.
- Лайпанов Х. О., К истории карачаевцев и балкарцев. - Черкесск,1957.
- Ногмов Ш. Б., История адыгейского народа. Нальчик, 1947.
- Смирнов Н. А., Политика России на Кавказе 16-19 веках. Москва, 1958.
- Арсланов Р. А., Народы Северного Кавказа, /http://www.protown.ru/information/hide/hide-1743_html
- Курахви Р., Блиц-даваат на Северном Кавказе /http://www.islam.ru/pressclub/analitika/blic-dawaa
- Павлова О. С., Ислам как фактор формирования социотипического поведения представителей Северного Кавказа /http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 447)։ |