iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Իսոսի_ճակատամարտ
Իսոսի ճակատամարտ - Վիքիպեդիա Jump to content

Իսոսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Իսոսի ճակատամարտ
Թվական333 մ. թ. ա., նոյեմբեր
Մասն էԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
ՎայրԻսոսի ծոցի ափ, Կիլիկիա (ժամ. Թուրքիայի Իսկանդերուն քաղաքի մոտ)
ԱրդյունքՀին Մակեդոնիայի հաղթանակ
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա,
Կորինֆյան միություն
Պարսկաստան
Հրամանատարներ
Ալեքսանդր ՄակեդոնացիԱրքայից արքա Դարեհ III
Կողմերի ուժեր
35 հազար հետևակազոր,
5 հազար հեծելազոր
200 հազար հետևակազոր,
10հազար հեծելազոր (ենթադրաբար)
Ռազմական կորուստներ
զոհված 150 ձիավոր,
300 հետևակային (ենթադրաբար)
անհայտ
Ընդհանուր կորուստներ

Իսոսի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 333 թ. նոյեմբերին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Միջերկրական ծովի հյուսիսարևելյան անկյունում գտնվող Իսոս ծոցի ափին, (այժմ՝ Թուրքիայի Իսկանդերուն քաղաքի մոտակայքում)։ Այն ճանաչված է որպես Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան արշավանքում երկրորդ տարած հաղթանակը, որն ազդարարեց Աքեմենյան Պարսկաստանի փլուզման սկիզբը։ Իսոսի ճակատամարտի արդյունքում Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց Պարսկական տերության արևմտյան երկրամասերը և տիրապետություն հաստատեց Էգեյան ծովում։

Գրանիկոս գետի ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով Փոքր Ասիայի մերձափնյա քաղաքները, շարժվեց դեպի հյուսիս-արևելք։ Կտրելով Կիլիկյան դարպասները՝ Տավրոսի ու Կապադովկիայի լեռնաշղթաների միջև անցնող գլխավոր ճանապարհը, նա մուտք գործեց Կիլիկիա։ Դարեհը, գլխավորելով իր բազմահազարանոց զորքը, Բաբելոնից դուրս եկավ Ալեքսանդրին ընդառաջ։ հակառակորդները իրար մոտեցան ներկայիս Թուրքիայի տարածքում, տակավին անտեղյակ լինելով մեկը մյուսի դիրքի մասին։ Վերջապես, Ալեքսանդրին տեղեկացրին, որ Դարեհի զորքը կանգնած է իր թիկունքում, Իսոս ծոցի ափին։

Բանակները ճամբարվեցին Պինարոս գետի հովտում. պարսիկները՝ գետի հյուսիսային ափին, հունամակեդոնական զորքը՝ հարավային։ Այս ճակատամարտում մասնակցող ուժերի քանակն անհայտ է. ենթադրաբար, Դարեհի զորքը գերազանցում էր Ալեքսանդրինը 3 անգամ։ Իսոսի դաշտավայրը խցկված է Միջերկրական ծովի ու լեռների միջև և ամենալայն մասում կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր։ Այդպիսի տեղանքն առավել նպաստավոր էր փոքրաթիվ ու արագաշարժ հունամակեդոնական զորքի համար։

Ալեքսանդրի բանակն Իսոսին մոտեցավ երկարատև արագընթաց երթից հետո և անպատրաստ էր մարտական գործողությունների անմիջապես մեկնարկմանը։ Ալեքսանդրը զինվորներին տրամադրեց հանգստանալու հնարավորություն, այնուհետև առաջնորդեց նրանց դեպի կռվի վայրը։

Դարեհը տեղադրեց իր զորքի հիմնական բռունցքը՝ ձիավորներին՝ Պինարոսի գետաբերանում։ Հարթ տեղանքն ու գետի ջրի ծանծաղությունը բարենպաստ էին հեծելազորի գործողությունների համար։ Արքան մտադրված էր հուժկու թևային գրոհ արձակել թշնամու փոքրաթիվ հեծելազորի վրա, մտնել մակեդոնացիների թիկունքն ու շրջափակել հակառակորդին։ Նախատեսելով թշնամու այդպիսի քայլերը՝ Ալեքսանդրը ուժեղացրեց իր ձախ թևը լրացուցիչ հեծյալներով։ Ալեքսանդրը հանձնարարել էր ձախ թևը Պարմենիոնին, իսկ ինքը, առաջնորդելով հեթայրներին, հետևակին ու մնացած հեծելազորին, դիրքավորվեց դաշտավայրի աջ թևում, բլուրների ստորոտում։

Շքախմբով շրջապատված, Դարեհը անշարժ կանգնած էր ռազմակառքի մեջ, իր զորքի կենտորնում։ Նրա շուրջը մոգերը աղոթքներ ու կրակապաշտական ծեսեր էին կատարում։ Զորքի հետևի մասում տեղավորվել էր արքայի հսկայական սայլաճամբարը՝ կանանոցով ու պերճանքի առարկաներով։ Վստահ լինելով իր հաղթանակին Դարեհը կարգադրել էր Ալեքսանդրին կենդանի բռնել։

Իսոսի ճակատամարտի սխեմա

Ալեքսանդրի համար հաղթանակի գրավականներն էին մարտի անվրեպ ղեկավարումը, ինքնատիպ մարտավարությունը և զինվորների վարժվածությունը։ Ճակատամարտից առաջ նա իր նժույգով սլացավ շարքերի երկարությամբ, քաջալերելով զինվորներին ու բարձրացնելով նրանց մարտական ոգին։ Ալեքսանդրի մտադրությունը հետևյալն էր. մինչ Պարմենիոնի ձախ թևը կզսպեր պարսիկ հեծելազորի ճնշումը, կազմակերպել հիմնական գրոհն աջ թևում, պատռել թշնամու գիծն ու նետվել գլխավոր թիրախի՝ Դարեհի ուղղությամբ։ Այդպիսով, առճակատող կողմերն ընդունել էին նույնանման մարտավարություն։

Ալեքսանդրը փայլուն կերպով իրականացրեց իր մտահղացումը։ Հեթայրները աջ կողմից շրջանցեցին թշնամուն ու մխրճվեցին նրա հետևակի մեջ։ Այնուհետև Ալեքսանդրը թեքեց իր խումբը և սեպաձև բռունցքով հարվածեց թշնամու առջևի գիծը։ Այստեղից նա, հրելով ու հետ մղելով ափշած ու խառնված պարսիկներին, սլացավ դեպի Դարեհի նստատեղը։

Սկսվեց կատաղի մարտ երկու կողմերի ընտրյալ զորքերի միջև։ Շուտով պարզվեց, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավել էին խորացել թշնամու շարքերը, ինչի հետևանքով մակեդոնացիների գիծը պատռվեց և բացվածքի մեջ ներխուժեցին փորձառու հույն վարձկանները։ Մակեդոնացիք, կորցնելով բազմաթիվ սպաներ, քայլ առ քայլ զիջում էին իրենց դիրքերը հակառակորդի հուժկու հարվածների տակ։ Սակայն, Ալեքսանդրը իր առջևում տեսնում էր միայն մեկ թիրախ՝ Դարեհին։ Անտեսելով Պարմենիոնի թևի ծայրաստիճան ծանր վիճակը, չնկատելով ազդրի վնասվածքը, նա իր գվարդիականների հետ սրընթաց սլանում էր Դարեհի ուղղությամբ։ Պարսիկ թիկնապահները մեծ քանակությամբ ընկնում էին իրենց արքային պաշտպանելիս։ Դարեհը, դիտելով իր շուրջը տեղի ունեցող սպանդանոցը, իջավ ռազմակառքից, քայլափոխ անցավ դիակների կույտերերի վրայով, նստեց նժույգի վրա ու փախուստի դիմեց։ Նրա հետևից վազեց իր զորքը աղաղակելով «արքան փախչու՜մ է»։ Մնացած պարսիկ զինվորները, լսելով այդ ճիչն ու տեսնելով իրենց զորքի նահանջը, շրջեցին նժույգները։ Գազազած մակեդոնացիք հետապնդում էին թշնամուն, և պարսիկները, տրորելով իրենց հետևակին, խուճապահար նահանջում էին։ Բոլորի առջևում արշավակի սլանում էր Դարեհը, որին կրնկակոխ հետապնդում էր Ալեքսանդրը։

Սակայն ստանալով լուր Պարմենիոնի կորուստների մասին, Ալեքսանդրը անմիջապես թողնում է հետապնդումը և վերադառնում մարտադաշտ։ Երբ պարզվեց, որ Պարմենիոնին այլևս օգնություն չի պահանջվում, Ալեքսանդրը նորից գցվեց Դարեհի հետևից, բայց արդեն մութ էր և նա ստիպված եղավ դադարեցնել հետապնդումը։ Ալեքսանդրը հավաքեց Դարեհի թողաց զենքն ու հագուստը և վերադարձավ ճամբար։ Այնտեղ մակեդոնացիք արդեն տոնում էին իրենց հաղթանակը։ Նրանց ձեռքն ընկան Դարեհի գումակի գանձերն ու կանանոցը, այդ թվում արքայի մայրը, կինը, դուստրերն ու մանկահաս որդին։ Ալեքսանդրը ոչ միայն չնսեմացրեց, այլ նույնիսկ մեծարեց Դարեհի կանանց ու դրանով շահեց նրանց երախտագիտությունը։

Իսոսի ճակատամարտի ելքը որոշեց ոչ այնքան մակեդոնական բանակի ռազմունակությունը, որքան հակառակորդ առաջնորդների անձնական հատկանիշները։ Պատմիչները նշում են պարսկական բանակի մեծ կորուստները։

Զորքերի թվաքանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի ուժերի թիվը չէր գերազանցում 40 հազարը[1][2][3], այդ թվում՝ 13 հազար պելտաստներ (թեթևազեն հետևակ)[4], 22 հազար ծանրազեն հետևակ[5] և 5․850 հեծելազոր[6]։ Պարսիկների ուժերը, ըստ ժամանակակից վերլուծաբանների, կազմում էին 50[7]-100 հազար, իսկ անտիկ գրողները հայտնում են 250–600[8] հազարի մասին, ինչը քիչ հավանական է․ դրանց կազմի մեջ մտնում էին 30-80 հազար թեթևազնե հետևակ[9], 11 հազար հեծելազոր[6], 10 հազարանոց անմահների գունդը և 10 հազար հույն վարձկաններ[10]։

Մակեդոնական զորքն Իսոսի ճակատամարտում ենթադրաբար տվել է 452 զոհ (շուրջ 150 հեծյալ և 300 հետևակ)[11][12], 5 հազարը վիրավորվել էին, իսկ պարսկական զորքը, ըստ ժամանակակից հետազոտողների, տվել է 20-40 հազար սպանված[12]․ անտիկ պատմիչները պնդում են շուրջ 100 հազար հետևակայինի և 10 հազար հեծյալների[13] մահվան մասին, ինչն արժանահավատ չի համարվում։ Տարբեր պատմիչներ հաղորդում են տարբեր թվեր։ Ճակատամարտից հետո Ալեքսանդրի ձեռքն է ընկնում Դարեհի կանանոցը, այդ թվում նաև Դարեհի կինը՝ Ստատիրա I-ը, աղջիկները՝ այդ թվում Ստատիրա II-ը, մանկահասակ որդին և մայրը՝ Սիսիգամբիսը։ Մակեդոնացիներն առանց դժվարության վերցնում են նաև պարսկական բանակի ճամբարը, ամբողջովին թալանում այնտեղ գտնվող հարուստ ռազմավարը[14]։

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Plut., De Fortuna aut Virtute Alexandri 1.3.327d-e
  2. Պոլիբիոս, 12.19
  3. Դիոդորոս Սիկիլիացի. Историческая библиотека. 17.17
  4. Warry (1998), հայտնում է, որ Ալեքսանդրի ուժերը ընդհանուր 31,000 էին։ [Հղում աղբյուրներին]
  5. Moerbeek (1997).[Հղում աղբյուրներին]
  6. 6,0 6,1 Moerbeek (1997).
  7. Clark, Jessica H.; Turner, Brian (2017). Brill’s Companion to Military Defeat in Ancient Mediterranean Society (անգլերեն). BRILL. էջ 78. ISBN 9789004355774. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  8. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 8.
  9. «pothos.org - Major Battles». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Welman.
  11. Դիոդորոս Սիկիլիացի, 17.36
  12. 12,0 12,1 Barry Potter (2018 թ․ սեպտեմբերի 30). «Battle of Gaugamela: Alexander Versus Darius». HistoryNet. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  13. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 1-ին (3-րդ) գլուխ, XI մաս․ 27.
  14. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 1-ին (3-րդ) գլուխ, XI մաս․ 20, 21.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են