Ափիոնատիպ նյութեր
Ափիոնատիպ նյութեր կամ օփիոիդներ, նյութեր, որոնք ընդունակ են կապ ստեղծել օրգանիզմի օփիոիդային ընկալիչների հետ, որոնք մեծ մասամբ տեղակայված են կենտրոնական նյարդային համակարգում և ստամոքս-աղիքային ուղում։
Ափիոնատիպ նյութերը քնաբեր կակաչից (Papaver somniferum, խաշխաշ) ստացվող և արհեստական եղանակով սինթեզվող թմրամիջոցների խումբ են, որոնք հանդիսանում են օրգանիզմի օփիոիդային ընկալիչների ագոնիստներ։ Այս խմբին են դասվում հերոինը, մորֆինը, կոդեինը, մեթադոնը, բուպրենորֆինը, դեզոմորֆինը և այլն[1]։
Օրգանիզմի վրա ափիոնատիպ նյութերի ազդեցությունը կապվում է դրանց անալգետիկ (ցավազրկող) և սեդատիվ (հանգստացնող) հատկությունների, շնչառական և հազի կենտրոնների ընկճվածության, աղիքային գալարակծկանքների (պերիստալտիկա, օրգանի պատերի ալիքաձև կծկումներ, որի հետևանքով տեղի է ունենում դրա պարունակության տեղաշարժ) հետ։ Օփիոիդները լայն կիրառություն ունեն բժշկության մեջ՝ որպես հզոր ցավազրկողներ (անալգետիկներ)։ Էյֆորիայի առաջացումը պայմանավորված է օփիոիդների ժամանցային (ռեկրեացիոն) գործածմամբ, ինչը կարող է հանգեցնել կախվածության և զրկանքի համախտանիշի առաջացման։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ափիոնը մարդու կողմից սկսել է կիրառվել դեռևս 4000 տարի առաջ[2]։ Մինոսյան քաղաքակրթության շրջանում երկրպագում էին մի Աստվածուհու, որի թագը պատրաստված էր քնաբեր կակաչի (խաշխաշ) պարկուճներից։ Ափիոնի օգտակարության մասին գիտեին դեռևս Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում ու Հնդկաստանում, որտեղ օգտագործում էին ափիոնի և մանդրագորի թուրմը՝ ցավազրկման համար։ Խաշխաշի մշակման ավելի հին կենտրոններ են հայտնաբերվել Կորինթոսից (ներկայիս Հունաստան) և Աֆիոնից (ներկայիս Թուրքիա) ոչ հեռու։ Հենց այդտեղից էլ խաշխաշի մշակումը տարածվեց դեպի Արևելք։ Մինչև 17-րդ դարի կեսերը ափիոնը կիրառվում էր բացառապես ցավազրկման նպատակներով (ի հակադրություն որպես թմրամիջոց կիրառման)[3]։
Ռեկրեացիոն (ժամանցի) նպատակով ափիոն ծխելը Չինաստանում տարածվեց 17-րդ դարի երկրորդ կեսից։ Այդ սովորույթն ակտիվորեն խրախուսում էին անգլիացիներն ու ամերիկացիները. ափիոնի վաճառքը հսկայական եկամուտ էր ապահովում։ 18-րդ դարի վերջին Բրիտանական արևելահնդկական ընկերությունը, օգտվելով իր մենաշնորհային իրավունքից, հսկայական քանակությամբ ափիոն ներկրեց Չինաստան, ինչն արդյունքում հանգեցրեց Ափիոնայինն պատերազմներին[4]։
1804 թվականին գերմանացի երիտասարդ դեղագործ Ֆրիդրիխ Սերտյուրներն առաջին անգամ ափիոնի ալկալոիդներից առանձնացրեց սպիտակ բյուրեղներ և անվանեց մորֆի՝ ի պատիվ Մորփեոս աստծո (ներկայիս մորֆին անվանումն առաջարկվել է Գեյ-Լյուսակի կողմից)[5]։ Մորֆինի հայտնագործումից հետո, երբ 1853 թվականին առաջին անգամ գործածության մեջ դրվեց ներարկիչը, բժիշկների ձեռքին հայտնվեց ուժեղ «զենք» ցավի դեմ։ Բայց շուտով պարզվեց, որ մորֆինն ավելի շատ է կախվածություն առաջացնում, քան ափիոնը։ Գիտնականների առջև խնդիր դրվեց՝ ստեղծել այնպիսի դեղամիջոց, որից կախվածություն չի առաջանա։
1874 թվականին քիմիկոսները սինթեզի միջոցով ափիոնից ստացան նոր դեղամիջոց՝ հերոինը, որն ավելի ուժեղ ցավազրկող հատկություն ուներ, քան մորֆինը։ Մինչև 1910 թվականը հերոին կարելի էր գնել ցանկացած դեղատնից, բայց հետագայում պարզվեց, որ դա ավելի սարսափելի թմրամիջոց է։ 1898 թվականին բժշկական պրակտիկա մտավ նաև էթիլմորֆինը։ Առաջին ամբողջությամբ սինթետիկ (արհեստական) ափիոնատիպ նյութը՝ պետիդինը (մեպերիդին) սինթեզվել է Գերմանիայում 1937 թվականին, իսկ ավելի ուշ սինթեզվեց նաև մեթադոնը։ ԽՍՀՄ-ում օգտագործվում էր պետիդինի ածանցյալը՝ տրիմեպերիդինը (պրոմեդոլ)[6][7]։ Ֆենտանիլն առաջին անգամ սիթեզվել է Բելգիայում 1950-ական թվականների վերջին[8]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ափիոնատիպ նյութերն իրենցից ներկայացնում են քիմիական տարբեր կառուցվածքներով դեղամիջոցների դաս։ Օփիոիդների առավել տարածված կառուցվածքային բաղադրիչը բենզոլային օղակն է՝ միացած ազոտի ատոմին էթիլային և պրոպիլային «կամրջակների» միջոցով։ Այս կառուցվածքն օփիոիդներին նմանեցնում է թիրոզինին՝ ափիոնային պեպտիդների պարզագույն ներսածին (էնդոգեն) էնկեֆալինների կազմի մեջ մտնող ամինաթթու, որը կարևոր դեր էր խաղում օփիոիդային ընկալիչների հետ փոխազդեցության գործում։ Օփիոիդների կառուցվածքում առկա ազոտի ատոմը, որպես կանոն, հանդիսանում է պիպերիդինային օղակի մաս։ Շատ օփիոիդներ հանդիսանում են երրորդային ամիններ[9][10]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ազդեցության
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիարժեք ագոնիստներ. մորֆին, հերոին, հիդրոմորֆոն, օքսիմորֆոն, մեթադոն, մեպերիդին, ֆենտանիլ, ալֆենտանիլ, սուֆենտանիլ, ռեմիֆենտանիլ, լևորֆանոլ։
- Մասնակի ագոնիստներ. կոդեին, օքսիկոդոն, հիդրոկոդոն, պրոպոքսիֆեն, դիֆենոքսիլատ։
- Խառն ազդեցությամբ ագոնիստ-անտագոնիստներ. բուպրենորֆին, նալբուֆին, բուտորֆանոլ, պենտազոցին, նալորֆին (օփիոիդային ընկալիչների որոշ տեսակների համար հանդիսանում են լիարժեք կամ մասնակի ագոնիստներ, իսկ այլ տեսակների համար՝ անտագոնիստներ)։
- Անտագոնիստներ (ներհակորդ). նալոքսոն, նալտրեքսոն, նալմեֆեն։
Ըստ ծագման
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուսական ծագման
- Կիսասինթետիկ (կիսաարհեստական)
- Էթիլմորֆին, դիհիդրօքսիկոդեինոն, հիդրոմորֆոն, հերոին և այլն
- Սինթետիկ (արհեստական)
- Տրամադոլ, մեթադոն, ֆենտանիլ, պրոմեդոլ և այլն
- Էնդոգեն (օրգանիզմի կողմից արտադրվող)
Ըստ կառուցվածքի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենանտրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենանտրեններ կամ 4,5α-էպոքսիմորֆինաններ են անվանում բուսական և կիսասինթետիկ օփիոիդների այն խումբը, որը կառուցվածքով մոտ է մորֆինին[11][12]։ Մորֆինի և այլ ֆենանտրենային օփիոիդների կարևորագույն կառուցվածքային բաղադրիչ են հանդիսանում A արոմատիկ օղակը և D պիպերիդինային օղակը։
-
6-մոնոացետիլմորֆին
-
Հիդրոմորֆին
-
Հիդրոկոդոն
-
Օքսիմորֆոն
-
Օքսիկոդոն
-
Նալբուֆին
-
Նալոքսոն
Մորֆինաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորֆինանների կառուցվածքը տարբերվում է մորֆինի կառուցվածքից հեռավոր էպօքսիդային կամրջակով, որը ձևավորում է E օղակը։ Չնայած մորֆինի և նրա ածանցյալների հետ կառուցվածքային նմանությանը՝ մորֆինանների ստացումն իրականացվում է ամբողջական սինթեզի միջոցով։ Այդպիսի միացությունների օրինակ են լևորֆանոլը և բուտորֆանոլը, որոնք ավելի հզոր են, քան մորֆինի համարժեք ածանցյալները[13][14]։
-
Լևորֆանոլ
-
Բուտորֆանոլ
-
Դեքստրոմետորֆան
Բենզոմորֆաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]6,7-բենզոմորֆաններ՝ միայն A, B և D օղակներ պարունակող միացություններ։ Այս տիպի պարզագույն միացություն են հանդիսանում մետազոցինը և ֆենազոցինը՝ μ-ռեցեպտորների ագոնիստները։ Իսկ ահա խառն ագոնիստ-անտագոնիստների օրինակ է հանդիսանում պենտազոցինը՝ μ-ռեցեպտորների թույլ ագոնիստը և κ-ռեցեպտորների ագոնիստը[15][16]։
-
Պենտազոցին
-
Ֆենազոցին
Ֆենիլպիպերիդիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]4-անիլիդոպիպերիդիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիֆենիլգեպտատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrea M. Trescot et al. Opioid Pharmacology // Pain Physician. — 2008. — Т. 11. — № 2S. — էջ 133-153.
- Barash, Paul G. et al. Chapter 14. Opioids // Clinical Anesthesia, 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2006. — 1549 էջ
- Bertram G. Katzung. Chapter 31. Opioid Analgesics & Antagonists // Basic & clinical pharmacology. 11th edition. — McGraw-Hill Medical, 2009. — 1200 էջ
- David A. Williams, William O. Foye, Thomas L. Lemke. Chapter 19. Opioid Analgesics // Foye's principles of medicinal chemistry. 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2002. — 1114 էջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց 2013» (2012 թվականի տվյալներ), Ս. Նազինյան, Լ. Ներսեսյան, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոն, Երևան 2013
- ↑ Paul M Dewick. Medicinal Natural Products. A Biosynthetic Approach. Second Edition. — Wiley, 2002. — էջ 329
- ↑ Manfred Hesse. Alkaloids. Nature’s Curse or Blessing. — Wiley-VCH, 2002. — էջ 338—339
- ↑ Manfred Hesse. Alkaloids. Nature’s Curse or Blessing. — Wiley-VCH, 2002. — էջ 340
- ↑ Manfred Hesse. Alkaloids. Nature’s Curse or Blessing. — Wiley-VCH, 2002. — էջ 313
- ↑ Barash, Paul G. et al. Clinical Anesthesia, 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2006. — էջ 361
- ↑ David A. Williams, William O. Foye, Thomas L. Lemke. Foye's principles of medicinal chemistry. 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2002. — էջ 464-465.
- ↑ DEA Briefs & Background, Drugs and Drug Abuse, Drug Descriptions, Fentanyl
- ↑ David A. Williams, William O. Foye, Thomas L. Lemke. Foye's principles of medicinal chemistry. 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2002. — էջ 462
- ↑ Paul M Dewick. Medicinal Natural Products. A Biosynthetic Approach. Second Edition. — Wiley, 2002. — էջ 333
- ↑ Donald J. Abraham. Burger's Medicinal Chemistry and Drug Discovery. Sixth Edition. Volume 6: Nervous System Agents. — Wiley, 2003. — էջ 361
- ↑ Barash, Paul G. et al. Clinical Anesthesia, 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2006. — էջ 356
- ↑ David A. Williams, William O. Foye, Thomas L. Lemke. Foye's principles of medicinal chemistry. 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2002. — էջ 463, 464, 475
- ↑ Graham L. Patrick. An Introduction to Medicinal Chemistry. — Oxford University Press, 1995. — էջ 261
- ↑ Donald J. Abraham. Burger's Medicinal Chemistry and Drug Discovery. Sixth Edition. Volume 6: Nervous System Agents. — Wiley, 2003. — էջ 373-376
- ↑ David A. Williams, William O. Foye, Thomas L. Lemke. Foye's principles of medicinal chemistry. 5th Edition. — Lippincott Williams & Wilkins, 2002. — էջ 464