Աերոդինամիկա աերոմեխանիկայի բաժինը ուսումնասիրում է օդի և այլ գազային միջավայրերի շարժման օրենքները, այդ միջավայրերի ու նրանցում շարժվող մարմինների միջև եղած փոխազդեցությունները։ Աերոդինամիկան սերտորեն կապված է հիդրոդինամիկայի հետ, և հաճախ նրանց միացյալ ձևով անվանում են աերոհիդրոդինամիկա։ Աերոհիդրոդինամիկայում գազերը երբեմն անվանվում են սեղմելի, իսկ կաթիլավոր հեղուկները՝ անսեղմելի հեղուկներ։ Գազերի ու կաթիլավոր հեղուկների շարժման միջև կան ինչպես ընդհանուր գծեր, այնպես էլ էական տարբերություններ, և այդ պատճառով հաճախ մի խմբի համար ստացված օրինաչափությունները ճիշտ չեն լինում մյուսի համար։ Շարժման օրինաչափությունների միջև եղած տարբերություններն ավելի ցայտուն են դառնում երբ.
Շարժվող միջավայրը կամ այն միջավայրը, որում շարժվում է մարմինը, չափազանց նոսր է։ Այս բաժինն անվանում են դիսկրետ մասնիկների միջավայրի դինամիկա կամ սուպերաերոդինամիկա։
Գոյություն ունեցող փոխազդեցությունը հաստատված է մագնիսական դաշտում շարժվող իոնացված միջավայրի կամ իոնացված միջավայրում շարժվող էլեկտրահաղորդիչ մարմնի միջև։ Այս բաժինն անվանում են մագնիսական Աերոհիդրոդինամիկա։
Հետազոտվող գազային միջավայրն ունի տարածական մեծ չափեր (Երկրի չափերի հետ համեմատած)։ Այս բաժինն անվանում են օդերևութաբանության։
Ընդհանուր Աերոդինամիկաի մի շարք գործնական նշանակություն ունեցող խնդիրներ կազմում են կիրառական Աերոդինամիկաի մասնաճյուղը, որի հիմնական բաժիններն են՝ թևի տեսությունը, պտուտակիտեսությունը, ինքնաթիռի դինամիկան, թռչող մեքենաների կայունության և աերոդինամիկ թրթռումների տեսությունները։
Փորձարարական Աերոդինամիկաի խնդիրն է հատուկ ապարատներում, աերոդինամիկ լաբորատորիաներում փորձեր դնելու կամ ուսումնասիրվող օբյեկտներն անմիջապես թռիչքում հետազոտելու միջոցով օդի շարժման և նրա ուժային ազդեցության ուսումնասիրումը։ Այդ լաբորատորիաներում հիմնական ապարատն աերոդինամիկ խողովակն է։ Աերոդինամիկաի կողմից հաստատված օրինաչափությունները կիրառվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում, սկսած ամենապարզագույն մեքենայից՝ հողմաղացից մինչև միջմոլորակային տարածության մեջ շարժվող ժամանակակից ամենաբարդ սարքերը.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 93)։