Պարտատոմս (լատին․՝ obligatio — պարտավորություն. անգլ.՝ bond — երկարաժամկետ, note — կարճաժամկետ), պարտքային արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։ Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական։
Պարտատոմսերը կարող են վաճառվել անվանական արժեքից ցածր գնով (դիսկոնտով)։ Պարտատոմսերի ընդհանուր եկամուտը վճարված արժեկտրոնների և անվանական արժեքի և դիսկոնտի տարբերության հանրագումարն է։
Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը,որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։
Զեղչատոկոսային պարտատոմսեր (անգլ.՝ Zero Coupon Bond) — պարտատոմս, որի եկամուտը համարվում է զեղչված գումարը (առանց արժեկտրոնի պարտատոմսեր)։ Զեղչատոկոսային պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքից ցածր։ Ինչքան մոտ է պարտատոմսի մարման օրը, այնքան մեծ է նրա շուկայական գինը, իսկ մարվում է անվանական արժեքով։ Զեղչատոկոսային պատատոմսերի օրինակ են — ՊԿՊ-ն։
Ֆիքսված արժեկտրոնով պարտատոմսեր (անգլ.՝ Fixed Rate Bond) — արժեկտրոնային պարտատոմս, որի եկամուտները վճարվում են ֆիքսված արժեկտրոնային տոկոսներով։ Արժեկտրոնների մասին տեղեկատվությունը տեղադրվում է պարտատոմսի ազդագրում։ Այս տեսակի պարտատոմսեր են ՊՄԱՊ-ները և ՊՄԱՊ-ները, ինչպես նաև եվրոպարտատոմսերի մեծ մասը։
Լողացող արժեկտրոնով պարտատոմսեր (անգլ.՝ Floating Rate Note (FRN); Floater) — արժեկտրոնային պարտատոմսեր լողացող արժեկտրոնով, որի մեծությունը համեմատական է ինչ որ մակրոէկոնոմիկական ցուցանիշին՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությանը, միջբանկային վարկերի տոկոսներին (LIBOR-ին, EURIBOR, MOSPRIME և այլն)։