Էթնոգենեզ (հուն. ἔθνος - ժողովուրդ, ցեղ և γένεσις - ծագում բառերից) կամ ազգածագում` ժողովրդի ծագումը։ Երկարատև և բարդ պատմական երևույթ, որն արտացոլում է մարդկային առանձին խմբերի ծագման, լեզվական, ազգագրական, մարդաբանական, մշակութային առանձնահատկությունները, նրանց տեղաշարժերը, փոխազդեցությունները, միախառնումը, դրանց պատմությունը։ Էթնոգենեզի լուսաբանման համար օգտագործվում են գիտությունների տվյալները վերոհիշյալ բնագավառների վերաբերյալ։ Էթնոգենեզի բացահայտմամբ ժխտվում են միգրացիոն, հնագույն էթնիկական միավորումների պարզ միախառնմամբ առանձին ժողովուրդների ծագման, «լեզվական պայթյունների», խաչաձևման միջոցով նոր լեզուների ու ժողովուրդների առաջացման և այլ պարզունակ տեսակետներ։ Էթնոգենեզի ուսումնասիրման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է համակողմանիորեն հետազոտել տվյալ ազգագրական ընդհանրության, լեզվի, հնագիտական մշակույթի և ժողովրդի հարաբերակցությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 8)։