iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Գոթական_պատերազմ_(535-554)
Գոթական պատերազմ (535-554) - Վիքիպեդիա Jump to content

Գոթական պատերազմ (535-554)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոթական պատերազմ (535-554 թվականներ)
Restauratio Imperii? և Gothic Wars?

Բյուզանդացիների և գոթերի մարտը Վեզուվի մոտ
Թվական 535 -554 թվականներ
Վայր Իտալիա և Դալմաթիա
Արդյունք Բյուզանդիայի հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Իտալիան միացվում է Բյուզանդիային
Հակառակորդներ
Բյուզանդական կայսրություն օստգոթեր
ֆրանկներ
Հրամանատարներ
Բելիսարիոս
Մունդ
Նարսես
Հերման
Լիբերիուս
Թեոդահադ
Վիտիգես
Հիլդեբադ
Թոթիլա
Թեյա
Կողմերի ուժեր
անհայտ է անհայտ է
Ռազմական կորուստներ
անհայտ է անհայտ է

Գոթական պատերազմ (535-554 թվականներ), ռազմական գործողություններ Արևելյան Հռոմեական կայսրության և Օստգոթերի՝ Իտալիայում և Վեստգոթերի՝ Իսպանիայում թագավորությունների միջև։ Ռազմական գործողությունների թատերաբեմ են հանդիսանում Ապենինյան թերակղզին (Իտալիա) և Բալկանյան թերակղզու արևմտյան մասը (Դալմաթիա

Արևելյան Հռոմեական կայսրության կայսր Հուստինիանոս Ա532 թ-ին, երբ թույլ տվեց իրավիճակը բյուզանդա-պարսկական սահմանում, որոշեց վերականգնել Կոստանդնուպոլիսի իշխանությունը նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում գտնվող, փաստացի անկախ, բարբարոսական պետությունների նկատմամբ։ 534 թ-ին, անսպասելիորեն հեշտ և արագ, վանդալների և ալանների թագավորության գրավումից հետո նա ձեռնամուխ եղավ օստգոթերի թագավորության գրավմանը։

535 թվականին, օստգոթերի թագավոր Թեոդահադի լուռ համաձայնությամբ, մահապատժի է ենթակվում մեկ տարի առաջ գահընկեց արված թագուհի-խնամակալ Ամալասունտան, որը վարում էր բյուզանդական քաղաքականություն։ Կայսր Հուստինիանոս Ա-ն հանդես է գալիս որպես սպանվածի վրիժառու և պատերազմ է հայտարարում օստգոթերին, որը ձգվում է քսան տարի և ավարտվում Օստգոթերի թագավորության անկմամբ։

535 թվականի պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլլիրիայում օստգոթերի զորահրամանատար՝ ստրատեգ Մունդը, որը Թեոդորիխի մահից հետո անցել էր Կայսրության կողմը, պետք է ռազմական գործողություններ սկսեր Դալմաթիայում, որտեղ գոթական զորքերը թույլ էին և ուժեղ դիմադրություն չէին կարող ցուցաբերել։ Մինչև 535 թ-ի վերջը նա հեշտությամբ գրավեց բոլոր գավառները՝ գլխավոր քաղաք Սալոնի հետ միասին։ Նույնպիսի հեշտությամբ հանձնվեց նաև Սիցիլիան, որտեղ բյուզանդական ջոկատը ղեկավարում էր Բելիսարիոսը, որը համարյա ամեն տեղ գտնում էր կայսրի համախոհներ։ Սիցիլիայի հռոմեական դիմադրության ջոկատները բացում էին քաղաքի դարպասները, այնպես որ, նույնիսկ Սիրակուզան՝ գոթական կոմիտի նստավայրը, անձնատուր եղավ՝ չցուցաբերելով ոչ մի դիմադրություն։ Միայն Պանորմայի (այժմյան Պալերմո) կայազորը ոչ միանգամից հանձնվեց։ Այդ քաղաքը ուներ հզոր քաղաքային ամրոցներ, բայց նրա նավահանգիստ մտավ բյուզանդական նավատորմը՝ Բելիսարիոսի հրամանատարությամբ։ Նավերի նավակները նստեցրին աղեղնավորներին և բարձրացրեցին նավի կայմերի վրա։ Գոթական կայազորի վրա նետերի հեղեղ տեղաց և նա ստիպված եղավ անձնատուր լինել։ Սիցիլիան դարձավ բյուզանդական գավառ։

Սիցիլիայի անցումը կայսրի իշխանության տակ ուժեղ հարված հանդիսացավ օստգոթերի կառավարության համար։ Այդ կղզին կորցնելով Հռոմը սկսեց նեղություն զգալ պարենի մատակարարման հարցում, իսկ կայսրը հուսալի հենարան ստացավ Իտալիայի դեմ հետագա գործողությունների համար։

Բացի այդ Հուստինիանոսը ապահովագրվեց ֆրանկների աջակցությամբ՝ նրանց ուղարկելով հարուստ նվերներով և հետևյալ ուղերձով դեսպանություն.

«Ուժով գրավելով մեզ պատկանող Իտալիան, գոթերը ոչ միայն չէին ցանկանում այն վերադարձնել մեզ, այլ ավելացրեցին անտանելի և մեծ վիրավորանքներ։ Այդ պատճառով մենք ստիպված էինք արշավի դուրս գալ նրանց դեմ և, ճիշտ կլիներ, որ դուք օգնեիք մեզ այդ պատերազմում, որը մեզ համար ընդհանուր է դարձնում ուղղափառ հավատը, որը հերքում է արիական մոլորությունները և մեր ընդհանուր թշնամանքը գոթերի հանդեպ»[1]։

Հռոմի բնակչությունը և Սենատը վատ էին վերաբերվում օստգոթերի թագավոր Թեոդահադին։ Ցանկանալով քաղաքում պահպանել իշխանությունը, Թեոդահադը այնտեղ կայազոր տեղադրեց, իսկ Հռոմ էր ուղարում հանդիմանալից նամակներ։

Բանակցություններ խաղաղության վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
535-554 թվականների գոթական պատերազմները

Բելիսարիոսի հաջողությունները Սիցիլիայում, որին շուտով պետք է հետևեր բյուզանդական զորքերի ափհանումը Իտալիա, Թեոդահադին ստիպեց համաձայնվել շատ ծանր զոհողությունների հետ։ Նա Կոստանդնուպոլիսի դեսպան Պետրոս Պատրիկիուսին խոստացավ հրաժարվել Սիցիլիայի նկատմամբ հավակնություններից, վճարել 300 ֆունտ ոսկու հարկ, Կայսրության առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրել երեք հազարանոց զորաբանակ։ Այդ ամենը հավասարազոր էր նրան, որ իրեն զգա որպես ֆեդերատների ամենասովորական առաջնորդի դիրքում, որը հրաժարվել է թագավորական իշխանությունից։ Իր ցեղակիցներից գաղտնի նա համաձայնվում է անցնել մասնավոր անձի կարգավիճակի՝ Հուստինիանոսին զիջելով ամբողջ Իտալիան, եթե ցմահ ստանա 1200 ֆունտ ոսկով թոշակ։

Երբ Պետրոսը Իտալիա է վերադառնում Թեոդահադի հետ համաձայնության պայմանագիր կնքելու կայսրի հրամանով և ցույց տալու այն կալվածքը, որտեղ նա կարող է անցկացնել կյանքի մնացած մասը, ապա հայտնաբերում է, որ թագավորը ամբողջովին փոխել է իր դիքորոշումը։ Դա բացատրվում էր նրանով, որ մինչ դեսպանը ուղևորվում էր այնտեղ և հետ, Կայսրությունը բախվում է երկու անսպասելի անախորժությունների հետ։ Առաջին հերթին Դալմաթիայում Մունդը պարտություն է կրում գոթերից և ընկնում է մարտի դաշտում, իր որդու Մավրիկիայի հետ միասին, իսկ նրա բանակի մնացորդները լքում են երկիրը։ Երկրորդ հերթին, Կարթագենում, կայսերական զորքը խռովություն է բարձրացնում և Բելիսարիոսը թողնում է Սիցիլիան և շտապում է աֆրիկական տիրույթները։ Դա Թեոդահադի մոտ հույս է առաջացնում և նա իրեն թույլ է տալիս ոչ միայն բարձրից դիմել դեսպանին, այլ, նաև, բանտարկել նրան (ինչպես պարզվում է չորս տարով)։ Այդ անզգույշ քայլով Թեոդահադը լիովին փչացնում է իր կարգավիճակը։

536-540 թվականների պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի վերսկսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

536 թ. ձմռանը Դուրրասից դուրս է գալիս կասերական նավատորմը և գրավում Դալմաթիան։ Կարևորագույն քաղաքները, ինչպիսին էին Սալոնը և Էպիդավրը (Ռագուզա, այժմյան Դուբրովնիկ), գրավվում են, գոթական բնակչությանը պարտադրում են անցնել հաղթողի կողմը։ Միևնույն ժամանակ Բելիսարիոսը, որը այդ ժամանակ ճնշել էր Աֆրիկայի խռովությունը, 7500 զինվորներից բաղկացած փոքրաթիվ զորքով և զգալի անձնական զորագնդով, ափ է դուրս գալիս Հարավային Իտալիայում։ Ի դեմս Բելիսարիոսի, Հուստինիանոս Ա-ն ուներ իր ժամանակների համար լավագույն զորավարը։ Բայց և այնպես, ռազմական ուժերը, որոնք գտնվում էին Բելիսարիոսի տրամադրության տակ, քիչ էին համապատասխանում իրենց առջև դրված պահանջին։ Նա պետք է գրավեր ահռելի բնակչությամբ երկիր, որը կարող էր դուրս բերել հարյուր հազարանոց զորաբանակ։ Մինչ որոշակի ժամանակ, ռազմական ուժի այդպիսի հսկայական տարբերությունը փոխհատուցվում էր կարգապահության առավելությամբ և կայսերական զորքերի վարժվածությամբ՝ բարբարոսների աշխահազորի նկատմամբ։ Ինչ վերաբերվում է Բալիսարիոսին ցուցաբերած գոթական բանակի դիմադրությանը, ապա այդ զորքերը ծայրահեղ թույլ էին պատրաստված, չունեին հանդերձանք և ճիշտ իրականացվող նախագիծ, վատ էին կառավարվում։

Իմանալով Բելիսարիոսի Հարավային Իտալիա ափ դուրս գալու և Դալմաթիայից դեպի Ռավեննա մեկ այլ հակառակորդ զորամիավորման շարժման մասին, Թեոդահադը Բյուզանդիային սպառնում է սպանել բոլոր հռոմյան սենատորներին՝ իրենց կանանց և զավակների հետ, սակայն դա չի օգնում։ 536 թ. ամռանը, Բյուզանդական զորահրամանատարի Հարավային Իտալիայում հայտնվելու ժամանակ, պարզվում է, որ այնտեղ քիչ են գոթական կայազորները, իսկ բնակչությունը, հայտնված բյուզանդական զորամիավորմանը, ընդունում է գրկաբաց։

Բելիսարիոսի կողմն է անցնում Էբրիմուտը՝ թագավորի փեսան, որը կանգնած էր Ռեգիայում (այժմյան Ռեջո դի Կալաբրիա)[2] գտնվող գոթական զորքի գլուխ։ Բելիսարիոսը Էբրիմուտին ուղարկում է Բյուզանդիա և այնտեղ նրան շնորհում են պատրիկի կարգ։

Նեապոլի անկում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելիսարիուսի ենթադրյալ պատկերը Ռավեննայի Սան Վիտալեի բազիլիկի խճանակարում

Կոմպանիայում գոթերի տիրապետության կենտրոնն էր Նեապոլը։ Այստեղ գտնվում էր հիանալի ծովային նավահանգիստ և ընդարձակ առևտրային կենտրոն՝ հսկայական և հարուստ բնակչությամբ։ 536 թ. հոկտեմբերին այս քաղաքում է ամրանում գոթական կայազորը։ Ցամաքից և ծովից, քսանօրյա պաշարումից հետո, Բելիսարիոսը սկսում է մտածել քաղաքից հեռանալու մասին, բայց նրան զեկուցում են, որ հնարավորություն կա քաղաք թափանցել լքված և ոչ մեկի կողմից չպահպանվող ակվեդուկի միջոցով։ Չորս հարյուր բյուզանդացիների հաջողվում է գիշերը, այդ ճանապարհով, թափանցել Նեապոլի կենտրոն և գրավել երկու աշտարակ, որից նրանք նշան են տալիս իրենց ընկերներին և վերջիններս ներխուժում են քաղաք։ Նեապոլում թողնելով փոքրաթիվ կայազոր և իր տիրապետության տակ վերցնելով կոմպանյան Կումի քաղաքը, Բելիսարիոսը 536 թվականի նոյեմբերի վերջին շարժվում է դեպի Հռոմ։

Թեոդահադը Հռոմոմ անգործության էր մատնված, ավելի ու ավելի կորցնելով իր հեղինակությունը և վստահությունը իտալական բնակչության մոտ։ Ճիշտ է, նա բանակցություններ էր վարում ֆրանկների հետ, որպեսզի, որոշակի շրջանների զիջման դիմաց, նրանց խրախուսի օգնել իրեն Բելիսարիոսի դեմ պայքարում[3]։

Երբ հարավային բանակի գոթական հրամանատար Էբրիմուտը անցնում է թշնամու կողմը, իսկ Նեապոլը ոչ մի օգնություն չի ստանում թագավորից, օստգոթերը սկսում են գիտակցել ստեղծված իրավիճակի ամբողջ վտանգավորության աստիճանը և դիմում են հեղափոխական միջոցների։ 536 թվականի նոյեմբերի վերջին, բանակի մի մասը, որը տեղակայված էր Տերաչինից հյուսիս-արևելք գտնվող Ռեգատում, իր արքա է հռչակում Վիտիգեսին, որը «կարողանում էր տիրապետել սրին և ձեռքերը չէր կեղտոտում սթիլոսով»։ Թեոդահադը, որին ատում էին հռոմեացիները և գոթերը, հույս ուներ փրկվել Ռավեննայում, սակայն ճանապարհին սպանվում է Վիտիգեսի կողմից ուղարկված մարդասպանի կողմից։

Պայքար Հռոմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պարիսպները VI հարյուրամյակում:

Քարտեզում նշված են գոթերի ճամբարները 537-538 թվականներին քաղաքի պաշարման ժամանակ։ Հռոմում թողնելով 4000 հոգիանոց կայազորը, Վիտիգեսը հետ է քաշվում Ռավեննա, որպեսզի ամրապնդի սեփական դիրքը իտալացիների և գոթերի մեջ և ռազմական գործողություններ նախապատրաստի հաջորդ տարվա համար։ Սակայն Վիտիգեսը խաբվում է հռոմեական բնակչության իր նկատմամբ տրամադրվածության վերաբերյալ։ Հռոմի բնակիչները վճռականորեն աջակցեցին Բելիսարիոսին և չցանկանալով ենթարկվել պաշարման վտանգին, նրանք՝ Պապ Սիլվերիուսի և քաղաքի ազնվականների հրահանգով, Բելիսարիուսի մոտ են ուղարկում պատվիրակություն։ Հասկանալով, որ թշնամաբար տրամադրված բնակիչների հետ նրանք չեն կարող պահպանել դիրքերը, օստգոթերի կայազորը՝ 536 թվականի դեկտեմբերի 9-ին, Ֆլամինևյան դարպասներով լքում է քաղաքը և ուղևորվում է դեպի հյուսիս՝ Ռավեննա։ Նույն օրը, 5000 զինվորներից կազմված ջոկատով, Օսլինյան դարպասներով, քաղաք է մտնում Բելիսարիուսը[4]։ Այսպիսով, վաթսուն տարի բարբարոսների տիրակալության տակ գտնվելուց հետո, Հռոմը նորից ընկնում է կայսերական իշխանության տակ։

Բելիսարիուսը, իր փոքրաթիվ ուժերով, չի կարողանում շարունակել ճանապարհը դեպի Ռավեննա, քանի որ օստգոթերը զգալիորեն մեծաքանակ էին։ Դրա փոխարեն նա ամրանում է Հռոմում՝ պատրաստվելով անխուսափելի հակահարվածին։ Նա մտահոգվում է քաղաքային դարպասների ամրացմամբ և Սիցիլիայից և նրա մերձակայքից սննդամթերքի պաշարների կուտակմամբ։

Վիտիգեսը, մյուս կողմից, նույնպես զբաղված էր արշավի նախապատրաստություններով։ Առաջին հերթին, նա միջոցներ ձեռք առավ, որպեսզի ռազմական վիճակի բերի գոթական ժողովրդին և ռազմական հանդերձանքով և ձիերով ապահովի բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են զենք կրելուն։ Նրա առջև բարդ խնդիր էր դրված։ Մի կողմից անհրաժեշտ էր դիտողական ջոկատ տեղադրել հյուսիսում, որպեսզի թույլ չտա Դալմաթիայի կողմից կայսերական ջոկատների ներխուժումը։ Մյուս կողմից, անհրաժեշտ էր միջոցներ ձեռք առնել այն դեպքում, եթե ֆրանկները օգտվեն օստգոթերի թագավորության դժվարին իրավիճակից և որոշեն Իտալիա ներխուժել հյուսիս-արևմուտքից։ Վիտիգեսը իրեն կարող էր համարել բավականին երջանիկ, որ իրեն հաջողվել է համաձայնության գալ ֆրանկների հետ, որոնք ստացել էին Պրովանսը և խոսք էին տվել Հյուսիսային Իտալիայում ձեռք չառնել գոթերի նկատմամբ թշնամական գործողություններ։ 537 թվականի գարնան սկզբին Վիտիգեսը իր տրամադրության տակ ուներ 150 000 զինվորից բաղկացած աշխարհազոր[5], որում զգալի մաս էր կազմում հեծելազորը։ Բելիսարիուսը՝ Կայսրին ուղղված իր նամակում, գանգատվում էր օստգոթերի ուժերի երեսնակի գերազանցությունից[6]։

Առաջին ընդհարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելիսարիուսին, իր ոչ մեծ ուժերով, չէր կարելի արշավել հակառակորդի դեմ բաց դաշտում։ Նրա հույսը հանդիսանում էր քաղաքային ամրացումները և այն միտքը, որ Վիտիգեսը դժվար թե ի վիճակի լինի ճիշտ պաշարում ձեռնարկել լավ պաշտպանված քաղաքին։ Բացի այդ, Բելիսարիուսը, գնահատելով այն ահռելի տպավորությունը, որ Իտալիայում ստեղծել էր Հռոմի գրավումը, հասկանում էր, որ նա ոչ մի կերպ չի կարող հեռանալ իր գրաված քաղաքից և այդ պատճառով տարածում էր այն միտքը, որ նա Հռոմից կենդանի դուրս չի գա և կպաշտպանի այն մինչև վերջին ծայրահեղությունը։ Օգնական ուժերի սպասումով, որոնք պետք է ժամանեին Կոստանդնուպոլսից, նա քաղաքային բնակչությունից պահանջում էր մասնակցություն քաղաքային պարիսպների պաշտպանության գործում և ինքն առաջինն էր բոլոր դիքերում։ Ցանկանալով որոշակիորեն կասեցնել Վիտիգեսին, նախքան նա կշրջապատեր Հռոմը իր ահռելի զորքով, Բելիսարիուսը, գոթերի քաղաքին մոտենալու ճանապարհին, նրանց դեմ էր տեղադրել իր անձնախմբի հազար մարդուց կազմված հեծելազորային ջոկատը՝ Անիո գետի վրայի Սալարիո կամրջի վրա, նրա Տիբեր թափվելու վայրից ոչ հեռու, որտեղ և տեղի ունեցավ առաջին ռազմական ընդհարումը, որում հույները և օստգոթերը ցուցաբերում էին հիանալի խիզախություն։ Բելիսարիուսը մեկ անգամ չէ, որ ենթարկվեց ծայրահեղ վտանգի։ Գոթերը բյուզանդական ջոկատի վրա հարվածեցին թիկունքից և թևերից՝ անզգուշությամբ հակառակորդի հետևից ընկած ժամանակ և նրան Սալարիևյան դարպասների մոտ սեղմեցին քաղաքի պատերին։ Արդեն լուր տարածվեց, որ Բելիսարիուսը սպանված է և հռոմեացիները չէին բացում դարպասները՝ երկյուղ ունենալով, որ պաշտպանների հետ միասին քաղաք կմտնեն նաև հակառակորդները։ Մեծ դժվարությամբ Բելիսարիուսին հաջողվում է վերականգնել կարգը սեփական ջոկատում և պաշտպանություն գտնել քաղաքի դարպասներից ներս, որտեղ, վերջապես, գիշերվա վրա հասնելուն պես, ներս թողնվեցին հունական զինվորները։

Ճակատամարտ Հռոմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուստինիանոս Ա Ռավեննայի Սան Վիտալե բազիլիկի խճանկար

Փետրվարի վերջից քաղաքը շրջապատվում է օստգոթերի կողմից, որոնք վեց ռազմական ճամբար են խփում և Հռոմի ճակատագիրը համարում էին միանգամայն կանխորոշված, քանի որ նրանց հայտնի էին Բելիսարիուսի տրամադրության տակ գտնվող թույլ ուժերը։ Վիտիգեսը Բելիսարիուսին առաջարկում է բանակցությունների մեջ մտնել և ազատություն տալ կայազորին, եթե նրան կհանձնվի քաղաքը, սակայն Բելիսարիուսը մերժում է առաջարկվող պայմանները։ Պաշարման տասնութերորդ օրը գոթերը, մի քանի կողմերից, հարձակվոմ են Հռոմի վրա՝ Սալարիևյան, Պանկրատիևյան, Ավրելիևյան և Պրենեստինյան դարպասների ուղղություններով, բայց հետ են մղվում մեծ կորուստներով։

Հռոմը պաշարված չէր հարավային կողմից և Տիբերի ստորին հոսանքի մոտ և գրոհի հաջորդ օրը, սննդամթերքի անբավարարության պատճառով, Բելիսարիուսը հրամայում է քաղաքից արտահանել բոլոր կանանց, երեխաներին և զենք կրելուն ոչ պիտանի մարդկանց։ Նաև, բյուզանդացիներին դավաճանելու մեղադրանքով, գահընկեց է արվում Սիլվերիուս Պապը և նրա աթոռին է բարձրացվում նոր քահանայապետ՝ Վիգիլիուսը։ Օգտվելով թշնամու անփութությունից, Բելիսարիուսը ապրիլի սկզբին Հռոմ է մտցնում սլավոնական և գուննական ծագում ունեցող 1600 զինվորից բաղկացած օգնական ջոկատը, որից հետո նա ավելի մեծ արդյունավետությամբ, քան նախկինում, շարունակում է անսպասելի արտագրոհներ անել այնտեղ, որտեղ հակառակորդը ավելի քիչ էր պատրաստված և նրան պատճառում էր զգալի վնասներ։ Պրոկոպի Կեսարացու խոսքերով, ընդհանուր առմամբ եղել է 77 մարտ՝ պաշարողների և պաշարվածների միջև[7]։ Սակայն, բյուզանդացիների փորձը բաց դաշտում հակառակորդի հետ մեծածավալ մարտի ճանապարհով հասնել պաշարման հանմանը, ավարտվում է նրանց պարտությամբ և նրանք ստիպված են լինում նահանջել քաղաքի դարպասներից ներս։

Ամռան սկզբում Կոստանդնուպոլիսից ուղարկվում է զորքի ռոճիկը, սակայն օգնական ջոկատներ, որին սպասում էր Բելիսարիուսը և Հռոմի բնակչությունը, չկար։ Միաժամանակ քաղաքում զգում էին պաշարների անբավարարություն։ Անհաջող գրոհից երեք օր անց, գոթերը գրավում են ոչ մեկի կողմից չպաշտպանվող նավահանգիստը Տիբերի ակունքում՝ բյուզանդացիներին, այսպիսով, զրկելով հնարավորությունից սննդամթերք և համալրում ստանալ ծովային ճանապարհով ոչ այլ կերպ քան Օստիայի միջոցով։ Վիտիգեսի հրամանով որը զայրացել էր Հռոմի պաշտպանների համառությամբ, կոտորվում են համարյա բոլոր հռոմյան սենատորները, որոնք օստգոթերի կողմից նախապես տարվել էին Ռավեննա։ 537 թվականի ամռանը Հռոմում սով և ժանտախտի համաճարակ է սկսվում։ Որպեսզի պահպանի բնակչության ոգին, Բելարիուսը լուր է տարածում, որ կայսերական զորքերը ափ են դուրս եկել Կոմպանիայում և օգնությունը մոտենում է։

Սակայն, դրանից լավ չէին, նաև, պաշարողների վիճակը։ Հռոմի մոտ հսկայական զորքի կուտակումը անհրաժեշտություն էր առաջացնում սննդամթերքի մատակարարման ճիշտ և մտածված համակարգի իրագործում։ Սակայն Կոմպանիան ամայացած էր, իսկ Տոսկանայից արդեն վերցված էին պահուստները։ Բելիսարիուսը Հռոմից հանում է կայազորի մի մասը (մոտ 1500 զինվոր) և զբաղեցնում է Տերաչինան և Տիբուրը։ Դրանով նա պակասեցնում է Հռոմի բնակչության թիվը, որոնց անհրաժեշտ էր կերակրել և, բացի այդ, հնարավորություն է ստանում սահմանափակել հակառակորդի շարժման ազատությունը և նեղել նրանց սննդի մատակարարումը։ Այդ ընթացքում Բելիսարիուսի քարտուղար, պատմագիր Պրոկոպին, Բելիսարիուսի կնոջ՝ Անտոնիայի հետ, կազմակերպում է Կոմպանիայից հացի մեծաքանակ գնում և հավաքում է տեղական կայազորի 500 մարդ, որոնք պետք է Հռոմ տեղափոխեին պատրաստված պաշարները։

537 թվականի նոյեմբերին, ի մեծ բավականություն Բելիսարիուսի, ծովով Նեապոլ է հասցվում 5100 մարդուց բաղկացած զգալի ռազմական ջոկատ, որը հնարավորություն է գտնում հասնել Օստին և միանալ թուլացած հռոմեական կայազորին։ Բացի այդ, Հռոմին է մոտենում բյուզանդական նավատորմը՝ մեծաթիվ սննդամթերքի պաշարներով[8]։ Այդ ժամանակ Վիտիգեսը հասկանում է, որ պաշարումը շարունակելը անիմաստ է։ Իրականում, պաշարման ժամանակ, մահացել էր ավելի քան 30000 գոթական զինվոր[9] և նույնքան էլ շարքից դուրս էին եկել հիվանդության և ստացած վերքերի պատճառով։ Վիտիգեսը Բելիսարիուսի մոտ է ուղարկում լիազորված անձանց՝ խաղաղության բանակցություններով։ Նա խոստանում է զիջումներ Սիցիլիային և, նույնիսկ, Կոմպանիային և հարկի վճարում։ Բելիսարիուսը չի ցանկանում լսել ամենամյա հարկի մասին, պահանջում էր միայն մեկ բան՝ Իտալիայի անվերապահ ազատում։ Արդյունքում կողմերը պայմանավորվում են խաղադադար կնքել՝ մինչ անմիջական կայսրի հետ նրա պայմանների քննարկումը[10]։

Հռոմի պաշարման հանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ամսվա ընթացքում, մինչ ընթանում էին գոթերի շփումները Կոստանդնուպոլսի հետ, Բելարիուսը շատ հարցերում հասցնում է փոխել պաշարված քաղաքի իրավիճակը։ Առաջին հերթին, նա հնարավոր է գտնում ապահովել Հռոմը սննդամթերքի պաշարներնով, այնուհետև, ծովով Աֆրիկայից համալրող ջոկատներ է տեղափոխում Օստին։ Մի խոսքով, նա հրադադարի ժամանակում հնարավորություն է գտնում վերականգնել այն աղետները, որոնք հասցվել էին պաշարման ընթացքում։ Միևնույն ժամանակ պաշարող զորքը գտնվում էր անբարենպաստ պայմաններում՝ սննդամթերքի մատակարարման հարցում, քանի որ Բելիսարիուսը գերիշխում էր ծովում և աստիճանաբար կտրում էր Հյուսիսային Իտալիայից գոթերի մատակարարման ճանապարհները։ Վիտիգեսը դժգոհություն էր հայտնում Բելիսարիուսի գործողություններից, սակայն վերջինս ուշադրություն չէր դարձնում դրան և առիթ էր փնտրում գոթերին ստիպելու խախտել նրանց համար անբարենպաստ հրադադարը։

Այդպիսի առիթ է հանդիսանում Հռոմը գրավելու գոթերի փորձը, որոնք գաղտնի ներխուժում են քաղաք՝ ջրագծի մեջ բացված անցքով։ Այդ ծրագիրը խափանվում է բյուզանդական պահակազորի աչալրջության արդյունքում։ Նաև, կանխվում է երկու դավաճանների փորձը՝ քաղաքի պարիսպների վրայի պահակազորին քնաբեր ըմպելիքով հարբեցնելը։

Այդ իրադարձություններից հետո Վիտիգեսը վերջնականապես համոզվում է պաշարման հետագա շարունակության ապարդյունությունը և 538 թվականի մարտին ստիպված էր դադարեցնել այն և հեռանալ դեպի հյուսիս, որպեսզի փորձեն պահպանել, ծայրահեղ դեպքում, Հյուսիսային Իտալիան, որտեղ գոթերի տիրակալությունը մնում էր բավականին հաստատուն։

Ռազմական գործողություններ Ումբրիայում և Պիցենում, Արիմինումի պաշարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

538 թվականի ձմռան առաջին ամիսներին, հռոմեացիների և գոթերի միջև հրադադարի ավարտից անմիջապես հետո, 2000 հոգիանոց բյուզանդական զորքը՝ Իոաննի գլխավորությամբ, Բելիսարիուսի հրամանով, անցնում է Ապենիններով, ավերում է գոթական Պիցենը, ստրկության է ենթարկում Հռոմի տակ կանգնած գոթերի կանանց և երեխաներին և ջախջախում է իր դեմ դուրս եկած գոթական բանակը՝ Վիտիգեսի քեռի Ուլիֆեյի հրամանատարությամբ, որը սպանվում է մարտում։ Կայսերական զորքի հետագա առաջխաղացումը կանխում է լեռնային Աուկսիմ (այժմյան Օզիմո) ամրոցը՝ Անկոնայից հարավ։ Այդ «Ռավեննայի բանալին» պաշտպանում էր գոթական ուժեղ կայազորը՝ բաղկացած 4000 զինվորներից։ Իոաննը, սակայն, չի պաշարում այդ անառիկ քաղաքը և շտապում է դեպի ափամերձ Արիմինում ամրոցը, որն էլ գրավում է առանց մարտի (գոթական կայազորը նախապես հեռացել էր Ռավեննա)։ Դա արքա Վիտիգեսին դնում էր բավականին վտանգավոր իրավիճակի մեջ։ Արիմինումը գտնվում էր Ռավեննայից մեկ օրվա ճանապարհում։ Որոշ ժամանակ անց նրան են հասնում լուրեր, ըստ որի թագուհի Մաթասունտան, որը այդ ժամանակ գտնվում էր Ռավեննայում և ատում էր արքային հարկադրաբար ամուսնության պատճառով, գաղտնի բանակցությունների մեջ է մտել Իոաննի հետ՝ ամուսնության և դավաճանության վերաբերյալ[11]։

Վիտիգեսը, իր զորաբանակի հետ հապճեպորեն նահանջելով Հռոմից և կայազորներ թողնելով դեռևս բյուզանդացիների կողմից չնվաճված Էթրուրիա և Պիցենա քաղաքներում, շաժվում է դեպի Արիմինում՝ ցանկանալով ետ գրավել այդ ամրոցը։ Բելիսարիուսը, հասկանալով որ 2000-անոց հռոմեական հեծելազորը չի կարող երկար ժամանակ դիմագրավել ամբողջ օստգոթական բանակին, Արմինում է ուղարկում 1000 հեծյալ՝ Իոաննին հրամայելով դուրս գալ ամրոցից, նրանում թողնելով հարևան Անկոնայի կայազորի հետևակի մի մասը և միանա հիմնական բանակին։ Իոաննը, սակայն, չի հնազանդվում զորահրամանատարի հրամանին և իր զորքին միացնելով ուղարկված համալրումից 400 մարդ, մնում է Արիմինումում։

Օստգոթական զորքերը պաշարման են վերցնում Արիմինումը և Անկոնան, սակայն նրանց հարձակման փորձերը հետ են մղվում։ Այնուամենայնիվ պաշարվածների մոտ սննդամթերքի խիստ պակասություն կար և նրանց անձնատուր լինելը Վիտիգեսին անխուսափելի էր։

Նարսեսի ժամանումը, տարաձայնություններ Նարսեսի և Բելիսարիուսի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարսեսի ենթադրյալ պատկերը

Բելիսարիուսը զբաղված էր Կենտրոնական Իտալիայում թույլ ամրացված բնակավայրերի գրավումով (հույներին հաջողվում է հասնել Կլուզիում և Տուդեր քաղաքների հանձնմանը, ինչպես նաև Պետրի կիրճի ամրացմանը), երբ նրան հասավ Պիցենում 5000-անոց հռոմեական բանակի ափ հանման մասին լուրը՝ տաղանդավոր զորահարամանատար Նարսեսի գլխավորությամբ, ուժեղացված 2000 հերուլյան կամավորներով՝ նրա անձնական թիկնազորով։

Բելիսարիուսը շարժվում է Նարսեսին ընդառաջ և Ֆիրմա քաղաքի մոտ միավորելով իրենց ուժերը երկու զորահրամանատարները խորհրդակցում են հետագա գործողությունների շուրջ։ Նրանց կարծիքները բաժանվում են։ Նարսեսը առաջարկում է անհապաղ ուղևորվել պաշարված Արիմինումին օգնության, ավելի զգուշավոր Բելիսարիուսը, վախենալով գոթերի կողմից բյուզանդական հաղորդակցությունների խափանմամբ, ցանկանում էր սկզբում գրավել Աուկսիմը, որը գտնվում էր հռոմեացիների թիկունքում։ Հայտնի չէ թե ինչ որոշման առավելություն կտրվեր, եթե գեներալներին չհասներ Արիմինումից սուրհանդակը Իոաննի նամակով, որում վերջինս գրում էր պաշարված ամրոցում պաշարների բացակայության մասին և անհապաղ օգնություն էր խնդրում։ Այդ լուրն ստանալու կապակցությամբ ընդունվոմ է Նարսեսի ռազմավարությունը։ Բելիսարիուսը, սակայն, Աուկսիմից ոչ հեռու գտնվող ամրացված ճամբարում թողնում է 1000 զինվոր, որպեսզի զսպի օստգոթերի քաղաքից արտագրոհները։

Արիմինումի ապաշրջափակման համար բյուզանդացիների կողմից ծրագրավորվում է բարդ գործողություն։ Այն ժամանակ, երբ բանակներից մեկը՝ ուղեկցվելով նավատորմի մեծաթիվ ուժերով, քաղաքի վրա է հարձակվում Ադրիատիկ ծովի ափամերձ մասով, հիմնական ուժերը՝ ղեկավարվելով Բելիսարիուսի կողմից, լեռնային ճանապարհով անցնում են թշնամու թիկունք։ Օստգոթերը, իմանալով, որ բյուզանդացիներին է մոտեցել զգալի համալրում և վախենալով շրջափակումից (նրանց ջոկատներից մեկը լեռներում բախվում է Բելիսարիուսի բանակի հետ, մեծ կորուստներ է կրում և ողջ մնացած զինվորները այդ մասին պահմում են Վիտիգեսին), շտապ կերպով նահանջում են Ռավեննա։

Արիմինումի պաշարման անարյուն հանումը զգալիորեն ամրապնդում է Նարսեսի դերը բյուզանդական բանակում և նա, աջակցություն ստանալով որոշ հրամանատարներից (օրինակ Հուսինիանոսի և Իոաննի), փաստացիորեն դուրս է գալիս Բելիսարիուսի պլանների դեմ՝ որպես գլխավոր զորահրամանատար։ Զորահրամանատարների տարաձայնությունները հստակորեն նախանշվում են ռազմական խորհուրդի ժամանակ, որը անց էր կացվում Արիմինումի մոտ։ Այն ժամանակ, երբ Բելիսարիուսը ելույթ էր ունենում Աուկսիմի արագ գրավման և Մեդիոլանումի (Մեդիոլանա, այժմ Միլան) ապաշրջափակման համար, Նարսեսը առաջարկում էր հռոմեացիներին ուժերը կենտրոնացնել Էմիլիայում գործողությունների վրա, որպեսզի անհանգստացվի գոթերի մայրաքաղաք Ռավեննան։

Չնայած բոլոր տարաձայնություններին, միասնական բյուզանդական բանակը նախաձեռնում է Ուրբինումի պաշարմանը՝ Արիմինումից հարավ գտնվող ուժեղ ամրոցի, սակայն երկու հրամանատարների բանակները տարբեր ճանփարներ են խփում։ Շուտով Նարսեսը, համոզվելով քաղաքի լիակատար անառիկությանը, հաշվի չառնելով Բելիսարիուսի առարկությունները, իր բանակը հետ է տանում Արիմինում։ Անտեղից նա Իոաննին՝ բանակի մեծ մասով, ուղարկում է Էմիլիայի գրավմանը, որը և շուտով իրականացվում է։ Բելիսարիուսը, մնալով պաշարելու Ուրբինումը, այն կարողանում է գրավել միայն երջանիկ պատահականությամբ։ Միակ ակունքը, որից պաշտպանները խմելու ջուր էին վերցնում, անսպասելիորեն ցամաքում է և ծարավից թուլացած գոթական կայազորը ստիպված է լինում հանձնվել։ Բյուզանդացիները պաշարում են նաև ամրացված քաղաք Ուրբիվետերը (լատին․՝ Urbs Vetus)[12]:

Չնայած շարունակվող հաջողություններին, երկու մասի բաժանված հռոմեական բանակը ի վիճակի չէր վերահսկելու ռազմական գործողությունները ամբողջ թատերաբեմում, որի մասին են խոսում Մեդիոլանումի իրադարձությունները։

Մեդիոլանումի պաշարում և ավերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Հռոմի պաշարման ժամանակ Բելիսարիուսին են դիմում Մեդիոլանի եպիսկոպոս Դաթիսը և քաղաքի որոշ ազնվականներ, խնդրելով ուղարկել փոքրիկ բյուզանդական կայազոր։ Նրանք պնդում էին, որ տեղական աշխարհազորի աջակցությամբ հեշտորեն կարելի է իշխանության տակ վերցնել ոչ միայն Մեդիոլան, այլ նաև ամբողջ Լիգուրիան[13]։ 538 թվականի ապրիլին Բելիսարիուսը ծովով Հյուսիսային Իտալիա է ուղարկում 1000 մարդուց բաղկացած ջոկատ՝ Մունդիլի հրամանատարությամբ։ Ափ դուրս գալով Ջենովայում և առաջ շարժվելով դեպի երկրի խորքը, հռոմեացիները արագորեն իրենց տիրապետության տակ են վերցնում Մեդիոլան և Լիգուրիայի քաղաքների մեծ մասը՝ բացառությամբ Տիցինումի (այժմ Պավիա)։ Իմանալով դրա մասին, գոթերի արքան թշնամու դեմ է ուղարկում, իր ազգական Ուրիի ղեկավարությամբ, զգալի զորաբանակ։ Բացի այդ, Վիտիգեսի խնդրանքով, ֆրանկների արքա Թեոդեբերտ I-ը նրան օգնության է ուղարկում 1000 բուրգունդացի զինվորներ[14]։ Դաշնակիցները արագորեն միավորում են իրենց ուժերը և Մեդիոլանը վերցնում են պաշարման տակ։ Այդ հարձակումը անակնկալ էր հռոմեացիների համար, որոնք լիովին պատրաստ չէին քաղաքի պաշտպանությանը։ Մեդիոլանում մնացել էին 300 բյուզանդացիներ, քանի որ մնացած զորքը Մունդիլան ուղարկել էր հարևան քաղաքների կայազորների ամրացման համար։ Բացի այդ, պաշարվածները բոլորովին ժամանակ չունեին Մեդիոլան առաքելու պաշարներ և քաղաքը, փոստացիորեն, մնաց առանց սննդամթերքի։

Բելիսարիուսի կողմից պաշարվածներին օգնության է ուղակվում Մարտինի և Ուլիարիայի ջոկատը, որը հասնելով մինչև Պո գետի անցատեղը, չի համարձակվում առաջ շարժվել՝ վախենալով թշնամու մեծ գերակշռությունից։ Դրա փոխարեն ջոկատի հրամանատարները սկսում են խնդրել Բելիսարիուսին իրենց օգնության ուղարկել Յուստինի և Իոաննի բանակները, որոնք գործում էին մոտակայքում՝ Էմիլիայում։ Սակայն, չնայած Բելիսարիուսի հրամանին, այդ հրամանատարները հրաժարվում են շարժվել Մեդիոլանի վրա, առանց Նարսեսի անձնական կարգադրության, որը շատ ուշ է գալիս այն բանի համար, որպեսզի բյուզանդացիները հասցնեին ապաշրջափակել Մեդիոլանը։

Միևնույն ժամանակ օստգոթերը պատվիրակություն են ուղարկում Մունդիլի մոտ, որը նրան առաջարկում էր հանձնել Մեդիոլանը՝ ապահովելով բյուզանդական կայազորի անվտանգությունը։ Զորահրամանատարը մերժում է առաջարկը, քանի որ այն չէր պարունակում երաշխիքներ խաղաղ բնակչության համար, սակայն նրա ուժասպառ բանակը ստիպում է հանձնվել և ընդունել պայմանները։ Իրականում հռոմեական զինվորները պահպանում են իրենց կյանքը, սակայն Մեդիոլան հիմնովին ավերվում է, նրա 30000 բնակիչները սպանվում են, իսկ մնացածը ստրկացվում[15]։

Գոթերի բանակցությունները պարսիկների հետ, Աուկսիմի և Ֆեզուլի պաշարումը, ֆրանկների ներխուժումը Իտալիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիոլանի անկումից հետո Հուստինիանոսը, իմանալով Իտալիայում իր զորավարների տարաձայնությունների մասին, Նարսեսին հետ է կանչում Բյուզանդիա։ Նրա հետ միասին երկրից հեռանում են 2000 հերուլներ։ Բելիսարիուսը կրկին դառնում է միանձնյա զորահրամանատար։ Գոթերը, վախենալով հակառակորդի Ռավեննայի վրա հարձակումից, փորձում են կայսրության հետ հակամարտության մեջ ներաքաշել հարակից որոշ ազգերի։ Լանգոբարդների մոտ ուղարկված պատվիրակությունը հաջողության չի հասնում և Վիտիգեսը իր երկու պատվիրակներին ուղարկում է Սասանյան Պարսկաստանի Արքայից արքա Խոսրով Ա-ի մոտ։ Այդ դեսպանությունը հաջողություն է ունենում և Հուստինիանոսը, մեկ տարի անց, ստիպված է լինում Բելիսարիուսին ուղարկել կայսրության արևելյան սահմանները, սակայն Բյուզանդիայի և Պարսկաստանի պատերազմը բավականին ուշ է սկսվում, որպեսզի օգնի Վիտիգեսին։

Բելիսարիուսը, նախքան Ռավեննայի վրա արշավելը, ցանկանում էր գրավել դեռևս գոթական տիրապետության տակ գտնվող Կենտրոնական Իտալիայի Աուկսիմ և Ֆեզուլ ամրոցները[16]։ 11 000 զինվորներից կազմված զորաբանակով նա ձեռնամուխ է լինում Աուկսիմի պաշարմանը, իսկ Ֆեզուլ է ուղարկում Յուստինի ջոկատը։ Երկու ամրոցներում էր շուտով սկսում են սպառվել սննդամթերքի պաշարները և գոթերը պատվիրակություն են ուղարկում Վիտիգեսի մոտ՝ նրանից օգնություն խնդրելով։ Արքան Ուրիային բանակի հետ ուղարկում է ջախջախելու Ֆեզուլուի պաշարողներին, սակայն նա կանգ է առնում Պո գետի վրայի անցումից հյուսիս և ճամբար է խփում Մարտինի և Ուլիարիայի ջոկատներից ոչ հեռու՝ վախենալով հարձակվել հակառակորդի վրա։

Միևնույն ժամանակ ֆրանկների մեծաթիվ բանակը՝ արքա Թեոդեբերտի գլխավորությամբ, ներխուժում է Իտալիա։ Գոթերի կողմից անարգել բաց թողնվելով Պո գետի վրայի կամրջով՝ Տիցիանի մոտ, ֆրանկները անսպասելիորեն հարձակվում են Ուրիայի բանակի վրա և ջախջախում են նրան։ Այդ հաղթանակին մեծապես նպաստում է այն, որ գոթերը ֆրանկներին համարում էին իրենց դաշնակիցները, որոնք եկել էին նրանց օգնության՝ բյուզանդացիների դեմ պայքարում։ Ֆրանկները, նույնպես, ջախջախում են Մարտինի և Ուլիարիայի բյուզանդական ջոկատները։

Ֆրանկների մեծաթիվ բանակի ներխուժումը կարող էր փոխել պատերազմի ընթացքը, բայց հարձակումը զարգացնելու փոխարեն, Թեոդեբերտը, իր բանակի հետ միասին, զբաղվում է Լիթուրգիայի կողոպտմամբ։ Շուտով ֆրանկների բանակը բռնկվում է դիզենտերիայի համաճարակով, որից մահանում է բանակի մեկ երրորդը[17] և նրանք ստիպված են լինում նահանջել Իտալիայից։

Բելիսարիուսը իր բանակի ամբողջ ջանքերը կենտրոնացնում է Աուկսիմի և Ֆեզուլի պաշարման վրա և 539 թվականի ուշ աշնանը երկու ամրոցներն էր, համառ դիմադրությունից հետո, հանձնվում են՝ սննդի պակասության պատճառով։

Ռավեննայի անձնատուր լինելը, Բելիսարիուսի հեռանալը Իտալիայից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչնչացնելով գոթական վերջին հենարանները Կենտրոնական Իտալիայում, Բելիսարիուսը իր բանակի հետ միասին, Դալմաթիայից ժամանած համալրման հետ, սկսում է հարձակումը Ռավեննայի վրա և շուտով պաշարում է այդ քաղաքը։ Բյուզանդական ջոկատները ամրանում են Պո գետի ափին, իսկ կայսերական նավատորմը պարեկություն է անում Ադրիատիկի ծովեզրին։ Այսպիսով արգելափակվում է գոթական մայրաքաղաքը պարենով մատակարարելու ցանկացած հնարավորություն։

Այդ ժամանակ Վիտիգեսի մոտ է ժամանում ֆրանկների դեսպանությունը, որը արքային առաջարկում է դաշինք հռոմեացիների դեմ, փոխադարձը պահանջելով Իտալիայի համատեղ կառավարում։ Սակայն, գոթերը, հիշելով Թեոդեբերտի նախկին ներխուժումը, մերժում են դաշինքի առաջարկը, առավել ևս, որ նրանք հնարավորություն են ստանում նմանատիպ պայմաններով խաղաղություն կնքել անմիջապես Բյուզանդական Կայսրության հետ՝ Ռավեննա է ժամանում Հուստինիանոսի դեսպանները՝ Դոմնիկ և Մաքսիմին սենատորները։ Նրանք առաջարկում են խաղաղություն՝ գոթական հարստության կեսը և Պո գետից հարավ գտնվող բոլոր իտալական հողերը բյուզանդացիներին հանձնելու պայմաններով։ Նման թեթև պայմաններ կայսրը առաջարկել էր, հավանաբար, ցանկանալով ազատել իր զորքերը արևմուտքում և կենտրոնացնել նրանք Սասանյան պետության դեմ, որի հետ պատերազմը կարող էր սկսվել յուրաքանչյուր պահի։

Չնայած այն բանին, որ բյուզանդացիների պահանջների ընդունումը փոստորեն վերջ էր դնում Օստգոթական թագավորության անկախությանը, Վիտիգեսը, գտնվելով ծանր իրավիճակում, ուրախությամբ համաձայնվում է։

Խաղաղության պայմանագիրը չէր կարող համարվել վավերական առանց նրա ստորագրման, ոչ միայն գոթական թագավորի, այլ, նաև, բյուզանդական զորահրամանատարի կողմից։ Բելիսարիուսը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը, համոզված լինելով, որ կարճ ժամանակամիջոցում կարող է հասնել գոթերի անվերապահ անձնատուր լինելուն և Իտալիայի ամբողջական միացմանը։

Գոթերը, ծայրահեղ վշտացած լինելով խաղաղության բանակցությունների տապալմամբ, հանդգնում են հուսահատ քայլի։ Նրանք, գաղտնի, Բելիսարիուսի մոտ են ուղարկում բանագնացների, նրան առաջարկելով, արդեն գոյություն չունեցող, Արևմտյան Հռոմեական Կայսրության կայսրի տիտղոսը։ Վիտիգեսը, վերջնականորեն զրկվելով հպատակների աջակցությունից, պատրաստ էր ճանաչելու Բելիսարիուսի իշխանությունը և վայր դնել թագը։ Բելիսարիուսը, առաջնորդվելով ռազմական շահով, գոթերից պահանջում է Ռավեննայի հանձնումը՝ փոխարենը խոստանալով իր վրա ընդունել արևմտյան կայսրի տիտղոսը[18]։ 540 թվականի մայիսին Ռավեննան անձնատուր է լինում, քաղաքում տեղակայվում է հռոմեական կայազորը։ Բելիսարիուսը, մտնելով հակառակորդի մայրաքաղաքը, հրաժարվում է ընդունել կասերական գահը, ամբողջովին զբաղվելով Իտալիայի վերջնական նվաճմամբ։ Ռավեննայի անկումից հետո բյուզանդացիներին են հանձնվում գոթական բազմաթիվ ամրացված քաղաքներ երկրի հյուսիսում, բացառությամբ Տիցինումի, որը գրավված էր Ուրիի զորքերով և Վերոնայի, որում ամրացել էր ազնվական գոթ Հիլդեբադի ղեկավարությամբ կայազորը։

Անհանգստանալով Բելիսարիուսի ինքնակամությամբ և լուրերով՝ նրա գահը ընդունելու հավանականության մասին, Հուստինիանոսը նրան կանչում է Կոստանդնուպոլիս։ Զորահարամանատարը իր հետ Բյուզանդիա է վերցնում արքայական գանձարանը, արքա Վիտիգեսին, թագուհի Մատասունտային, բազմաթիվ ազնվական գոթերի՝ որպես պատվավոր գերիներ, սակայն նրան մերժվում է հանդիսավոր դիմավորումը՝ կայսրության մայրաքաղաք ժամանելու կապակցությամբ[19]։ Վիտիգեսին շնորհվում է պատրիկի տիտղոս և կալվածք Անատոլիայում։

Սրանով վերջանում է գոթական պատերազմի առաջին փուլը։

540-553 թվականների պատերազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլդեբադի և Հերարիխի կառավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելիսարիուսի գահից հրաժարվելը և բյուզանդացիների կողմից Վիտիգեսի գերեվարումը հայրենասիրական տրամադրված գոթերին ստիպում է իրենց համար նոր արքա ընտրել։ Նրանց ընտրությունը կանգ է առնում Ուրիայի վրա, մեկն այն զորահրամանատարներից, ով շարունակեց պայքարը հակառակորդի դեմ և ղեկավարում էր Տիցինումի կայազորը։ Սակայն Ուրիան հրաժարվում է իրեն առաջարկվող պատվից՝ վկայակոչելով գոթերի կողմից ատելի Վիտիգեսի հետ ազգակցական կապերը և իր փոխարեն առաջարկում է Հիլդեբադի թեկնածությունը, որն այդ ժամանակ պաշտպանում էր Վերոնան։ Այդ առաջարկը ընդունվում է ազնվականության կողմից և Հիլդեբադը դառնում է արքա։ Հիլդեբադի ընտրության կարևոր փաստարկ է հանդիսանում այն, որ նա ազգական էր գալիս վեստգոթերի արքա Թեուդիսին, որոնց ռազմական օգնության վրա հույս էին դնում օստգոթերը։ Սկզբնապես Հիլդեբադը իր տրամադրության տակ ուներ 1000 մարդուց բաղկացած ջոկատ (որոնցից մեի մասը բյուզանդական փախստականներ էին) և Տիցինում քաղաքը, սակայն շուտով նրա իշխանությունը ճանադում են Լիթուրգիայի և Վենետիկի գոթերը։

Բելիսարիուսի հեռանալուց հետո (նրա հետ միասին Կոստանդնուպոլիս են ուղևորվում նրա 7000 բուկելարիները) բյուզանդացիների դրությունը Իտալիայում լիովին փոխվում է։ Առանց զորահրամանատարի մնացած տասնեկ ջոկատները, որոնք զրկված էին ընդհանուր ղեկավարումից և ցրված էին երկրով մեկ, ժամանակն անց էին կացնում անգործության մեջ։ Իրավիճակն ավելի էր խորացնում գանձապետ Ալեքսանդրի ֆինանսական քաղաքականությունը, որը դաժան հարկային տուրքերով իտալացիների մոտ հիասթափություն է առաջացնում՝ Բյուզանդիայի տիրակալության տակ գտնվելու համար։ Միաժամանակ իջնում է հռոմեական զինվորների աշխատավարձը, որը առաջ է բերում համատարած դասալքություն, որն էլ աղետալի ծավալներ է ստանում, դիակապտության և տեղական բնակչության կողոպուտի[20]։

Բոլոր բյուզանդական հրամանատարներից միայն Վիտալին է, որը վերջերս էր ժամանել Դալմաթիայից և իր ջոկատում ուներ բազմաթիվ կամավոր հերուլներ, համարձակվում հարձակվողական գործողություններ իրականացնել նորընտիր օստգոթական արքայի դեմ և Տարբեզի (այժմ Տրեվիզո) քաղաքի մոտ հարձակում է գործում նրա բանակի վրա։ Այդ ճակատամարտում բյուզանդական բանակը ջախջախվում է և Վիտալիին՝ նրա մնացորդների հետ միասին, հաջողվում է փախուստով ազատվել։ Տարբեզիի մոտ հաղթանակը էականորեն ավելացնում է Հիլդեբադի ազդեցությունը՝ նրան դարձնելով օստգոթերի անկախության համար պայքարի հերոս։

Բյուզանդական վտանգի թուլացումից հետո Հիլդեբադի և Ուրիայի միջև հակամարտություն է առաջանում, որի առիթ է հանդիսանում նրանց կանանց միջև ծագած վեճը։ Գործը հասնում է Ուրիայի սպանությանը՝ արքայի հրամանով, որպես պետական դավաճանության նախապատրաստման համար։ Ուրիայի մահապատիժը գոթերի մոտ վրդովմունք է առաջացնում և նրանցից շատերին Հիլդեբադից վանում է։ Շուտով (541 թվականի մայիսին) այդ գոթական արքան սպանվում է խրախճանքի ժամանակ՝ անձնական թիկնապահ հեպիդի կողմից, նախկինում հասցված անձնական վիրավորանքի պատճառով։

Հիլդեբադի սպանությունից հետո գոթերի արքա է դառնում օստգոթերի հետ Իտալիայում բնակություն հաստատած ռուգիների ցեղախմբի առաջնորդ Հերարիխը։ Այս միապետը, ի տարբերություն իր նախորդի, ոչինչ չի ձեռնարկում հռոմեացիների հետ հաջող պատերազմ վարելու համար։ Ավելին, Հերարիխը Հուստինիանոսի մոտ է ուղարկում դեսպանություն, որը ցանկանում է հաշտություն կնքել նույն պայմաններով, ինչ նախկինում կայսրի կողմից առաջարկվել էր Վիտիգեսին։ Իսկ դեսպաններին նա գաղտնի հանձնարարում է կայսրությանը առաջարկել ամբողջ Իտալիան՝ իր համար պատրիկի տիտղոս և խոշոր դրամական գումարի դիմաց։

Հերարիխի ռազմական անգործությունը դժգոհություն է առաջացնում գոթերի շրջանում և նրանք դավադրություն են կազմակերպում՝ նպատակ ունենալով սպանել արքային և գահ բարձրացնել Հիլդեբադի ազգական և Տարբեզիի կայազորի հրամանատար Տոթիլին, որը հայտնի էր որպես «մեծ խելքի տեր մարդ, շատ եռանդուն և գոթերի շրջանում մեծ հեղինակություն վայելող»[21]։ Ուշադրության է արժանի այն, որ, նույն ժամանակ, Տոթիլը բանակցություններ էր վարում բյուզանդացիների հետ՝ Տարբեզիի անձնատուր լինելու մասին, սակայն դավադիրների կողմից ստանալով գահի առաջարկը, սկսում է նրանց մերժել, բայց նշում է, որ կհամաձայնվի զբաղեցնել գոթական գահը միայն այն դեպքում, երբ Հերարիխը կսպանվի ավելի շուտ, քան կգա բյուզանդացիների կողմից սահմանված Տարբեզին հանձնելու օրը։ Հերարիխը, որը կառավարում է ընդամենը հինգ ամիս, 541 թվականի աշնանը սպանվում է և Տոթիլան դառնում է օստգոթերի արքա։

Տոթիլի առաջին հաղթանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոթական գահին Տոթիլի գահակալության վաղ ժամանակաշրջանը նշանավորվում է Բյուզանդական Կայսրության համար աղետալի շարքով։ Արևելքում սկսում է պատերազմը պարսիկների հետ, որոնք ներխուժել էին Լազիկա և Սիրիա և ավերել էին նրա գլխավոր քաղաք Անտիոքը։ 540 թվականին գուների բանակը անցնում է Դանուբը և կողոպտում է Մեզիան, Թրակիան և Կոստանդնուպոլսի արվարձանները։ Վերջապես, իր ծավալներով աննախադեպ ժանտախտի համաճարակը պատում է կայսրությունը։

Չնայած այդ ամենին, Հուստինիանոսը Իտալիայի իր զորահրամանատարներից պահանջում է ակտիվ գործողություններ գոթերի դեմ։ Բյուզանդական զորահրամանատարները, որոնք ղեկավարում էին երկրով մեկ սփռված ջոկատներով՝ Վիտալին, Բեսսը, Կոստանտիանը և ուրիշներ, հավաքվում են Ռավեննայում և ձևավորում են հետագա գործողությունների ընդհանուր ռազմավարություն։ Միավորված հռոմեական բանակը, որն իր կազմում ուներ 12 000 զինվոր և 11 զորահրամանատար, արշավում է դեպի Վերոնա, որպեսզի գրավեն քաղաքը և այնուհետև շարժվեն դեպի Տիցինում։ Մոտենալով քաղաքին, հույները տեղացի բնակիչներից մեկից ստանում են առաջարկություն, որը խոստանում էր կաշառել Վերոնա քաղաքի դարպասների պահակախումբը և դրանով քաղաքը հանձնել Կայսրի իշխանությանը։ Բյուզանդական դուքսերից ոչ մեկը չի համարձակվում իրագործել այդ վտանգավոր միջոցառումը՝ բացի Արտաբազից, որը վերջերս էր ժամանել պարսկական ճակատից։ Նա, զինվորների հարյուրյակով, գիշերով, անսպասելիորեն հարձակվում է Վերոնայի ամրությունների վրա և ստիպում է քանակային առավելություն ունեցող գոթական կայազորին լքել այն և նահանջել մոտակա բարձունքները։ Լուսաբացին գոթերը նկատում են իրենց հաղթած ջոկատի ոչ մեծաթիվ լինելը և այժմ իրենք են հարձակվում քաղաքի վրա և այնտեղից դուրս են վանում բյուզանդացիներին, որոնց գլխավոր ուժերը դեռ չէին հասցրել օգնության գալ իրենց զորակիցներին՝ զբաղված լինելով հրամանատարների միջև վիճաբանություններով և արդյունքում նահանջում են դեպի Ֆաենցա քաղաքը։ Այնտեղ է շարժվում նաև Տոթիլան և, չնայած որ, նրա բանակը կազմված էր ընդամենը 5000 զինվորից, հակառակորդին հասցնում է ջախջախիչ պարտություն (542 թվականի գարնանը)։ Ֆաենցայի մոտ հաղթանակին մեծապես նպաստում է հակառակորդի թիկունքից 300 հեծյալների հարձակումը։ Այդ մարտում Արտաբազը, որը մենամարտի է հրավիրվում գոթերից մեկի կողմից, սպանում է հակառակորդին, սակայն, ինքը ևս, ստանում է մահացու վերքեր։ Բյուզանդացիները անկանոն փախուստի են դիմում և նրանց ջոկատները ցրվում են մոտակա ամրացված քաղաքներով[22]։

Շուտով, օստգոթերի արքայի բանակը՝ զորահրամանատարներ Բլեդի, Ուլիարիսի և Ռոդերիկի հրամանատարությամբ, պաշարում է Ֆլորենցիան, որտեղ ամրացել էր Հուստինի ջոկատը։ Բյուզանդացի գեներալներ Բեսսը, Կիպրիանը և Իոաննը, պաշարվածներից ստանալով օգնության խնդրանք, արշավում են դեպի այդ քաղաքը, գոթերին ստիպելով հանել պաշարումը և նահանջել Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Մուցելլա քաղաքը։ Կայսերական զորքերը, շարունակելով հարձակումը, այնտեղ գրոհում են գոթերին, սակայն, չնայած իրենց ուժերի գերակշռությանը, կորցնում են առաջապահ ջոկատը և խուճապի մեջ սկսում են փոխուստի դիմել մարտի դաշտից[23]։ Դրանից հետո բյուզանդացիները չէին խիզախում բաց դաշտում հանդիպել Տոթիլի բանակում հետ, նախընտրելով դարանել ամրություններում։

Արշավանք Հարավային Իտալիա, Նեապոլի անկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավելով Ցեզենա (այժմ Չեզենա) և Պետր ամրոցները, Տոթիլան չի սկսում պաշարել բյուզանդացիներին ենթակա բազմամարդ Էթրուրիա և Լացիա քաղաքները, սակայն ուղևորվում է դեպի Իտալիայի հարավ՝ Կոմպանիա և Սամնիա, որտեղ հռոմեական կայազորները թույլ էին։ Բացի այդ, պատերազմի տեղափոխումը դեպի երկրի հարավային շրջաններ օգտակար էր նրանով, որ այդ գավառները չէին տուժել պատերազմից և գոթերը, նրանք գրավելով, կարող էին հարված հասցնել տեղական բյուզանդական իշխանությունների ֆինանսական համակարգին։ Իրոք, շուտով բյուզանդական զինվորները, չստանալով իրենց հասանելիք աշխատավարձը, սկսում են ապստամբել և հրաժարվում են դուրս գալ իրենց գրաված ամրոցներից։ Օբտգոթյան արքան, նույնիսկ, գաղութները ազատում է իրենց տիրակալներին պետական հարկ վճարելու պարտավորություններից։ Այժմ նրանցից ստացված եկամուտը մտնում էր անմիջապես պետական գանձարան։ Ստրուկները, որոնք փախել էին իրենց տերերից և միացել էին գոթական բանակին, ազատություն են ստանում[24]։

Հեշտությամբ գրավելով Բենևենտ և Կումի քաղաքները, Տոթիլի բանակը ավերում է նրանց պարիսպները, որպեսզի նրանցով հետագայում չօգտվի հակառակորդը։ Գոթերի իշխանության տակ են հայտնվում Ապուլիան, Լուկանիան, Կալաբրիան և Բրութիան։ Նրանց զորքերը պաշարում են Նեապոլը, որը հանդիսանում էր երկրի հարավում բյուզանդացիների տիրակալության կենտրոնը և պաշտպանվում էր 1000 զինվորից կազմված կայազորով՝ Կոնոնի հրամանատարությամբ։

Հասկանալով, որ Նեապոլի անկումը վտանգի տակ կդնի բյուզանդացիների հսկողության տակ գտնվող Կենտրոնական Իտալիայի քաղաքների մատակարարումը, Հուստինիանոսը զորահրամանատար Մաքսիմինին նշանակում է այդ երկրում պրետորիական պրեֆեկտ, նրա հետ ուղարկելով նավատորմ և համալրում։ Մաքսիմինը, չունենալով ռազմական փորձ, կանգ է առնում Էպիրում՝ իրեն վստահված զորքի մեծ մասի հետ և Սիցիլիա է ուղարկում փոքրիկ նավախումբ՝ Դեմետրիայի գլխավորությամբ։ Այդ ջոկատը չի համարձակվում անմիջապես հարձակվել Նեապոլը պաշարած հակառակորդի վրա և բեռնավորված նավերով ուղևորվում է Հռոմ, որպեսզի ջոկատը համալրի տեղի կայազորների զինվորներներով։ Դրանում հաջողության չհասնելով, Դեմետրիան արշավում է դեպի Նեապոլ, սակայն քաղաքի մոտ, ցամաքից, հարձակման է ենթարկվում օստգոթերի կողմից և ջախջախվում։ 542 թվականի ձմռանը նույն ճակատագրին է արժանանում նաև երկրորդ բուզանդական նավատորմը, որն ուղարկվում է Սիցիլիա ժամանած Մաքսիմինի կողմից։ Նոր ճակատամարտում Դեմետրիան գերի է ընկնում և Տաթիլի կողմից բերվում է Նեապոլի պատերի տակ, որպեսզի պաշարվածներից ցույց տրվի արտաքին օգնության նկատմամբ նրանց հույսերի անարդյունավետությունը։

543 թվականի գարնանը, սովահարությունից ուժասպառ եղած Նեապոլի կայազորը քաղաքը հանձնում է Տոթիլին՝ բնակչության անձեռնամխելիության և այն պաշտպանող զինվորների ազատ անցման պայմաններով։ Ի պատիվ օստգոթյան արքայի, նրա կողմից ոչ միայն կատարվում են պայմանները, այլ նաև իրականացվում է մեծ հոգատարություն նեապոլիտանցիների և բյուզանդական կայազորի հանդեպ։ Սակայն քաղաքի պարիսպները օստգոթերի կողմից ավերվում են[25]։

Բելիսարիուսի վերադարձը Իտալիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ Տոթիլը մարտնչում էր երկրի հարավում, Կոստանդնուպոլսի տիրակալության տակ մնացած Իտալիայի տարածքներում ֆինանասական և մթերային վիճակը ավելի վատթարացավ։ Դա ստիպում է Ռավեննայի կայազորի հրամանատար կոմիտ Կոստանտիանին նամակ գրել կայսրին՝ խնդրելով օգնություն։

Վերցնելով Նեապոլը, Տոթիլը նամակ է ուղարկում Հռոմի Սենատին՝ առաջարկելով զղջալ գոթերի հանդեպ նախկին դավաճանությունում և Հռոմ թողնել արքայական բանակը, սակայն պատասխան չի ստանում։ Այդ ժամանակ նա նոր նամակ է գրում, որում երդվում է, որ Հռոմը հանձնելու դեպքում գոթական զինվորները նրա բնակչությանը վատություն չեն անի։ Այդ ուղերձի կրկնօրինակները գիշերը ամրացվում են քաղաքի բոլոր մարդաշատ վայրերում, իսկ առավոտյան այն կարդացվում է հռոմեացիների կողմից։ Դրանում կասկածելով քաղաքային արիոսական-եկեղեցականներին, բյուզանդական զորահարամանատարները նրանց աքսորում են քաղաքից և հիասթափված Տոթիլը բանակի մի մասը ուղարկում է Ապուլիայում գտնվող Հիդրունտ (լատ. Hydruntum, այժմ. Օտրանտո ) ամրոցի պաշարմանը, իսկ ինքը՝ գլխավոր ուժերով, ուղևորվում է Լացիումի գրավմանը։

Վերջապես, կայսր Հուստինիանոսը ըմբռնում է իտալական ռազմական թատերաբեմում ստեղծված իրավիճակի վտանգավորւթյունը և արևելքում պարսիկների դեմ կռվող Բելիսարիուսին կանչելով Կոստանդնուպոլիս հրամայում է նրան կրկին ուղևորվել գոթերի դեմ պատերազմին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 1.5
  2. Иордан, «О происхождении и деяниях гетов», 309
  3. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 1.13
  4. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 1.22
  5. По словам Прокопия. Современные учёные оценивают число осаждавших в 537-538 годах Рим готов как значительно меньшее - от 20000-25000 воинов (Hannestad К . Les forces militaires d'apres la guerre gothique de Procope // Classica et Mediaevalia. XXI (1960). P . 136-183, 162)
  6. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 1.24
  7. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.2
  8. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.5
  9. Вероятно, оцениваемые Прокопием потери остготов завышены (Э. А. Томпсон. 2.V.2. Военная тактика Велизария // Римляне и варвары. Падение Западной империи / Пер. с англ. Т. О. Пономаревой; под ред. М. Е. Килуновской. - СПб.: Издательский Дом «Ювента», 2003. - C. 73 - 288 с.)
  10. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.6
  11. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.10
  12. Очевидно, Велисарию удалось захватить Урбиветер, однако Прокопий не упомянул исход осады этого города, ограничившись лишь описанием положения страдающих от голода осаждённых готов
  13. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.7
  14. Королевство бургундов было покорено франками в 534 году. Не желая формального нарушения союзного договора с императором Византии, Теодеберт I послал в Италию не франков, а именно бургундов, которых можно было представить в качестве «добровольцев»
  15. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.21
  16. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.23
  17. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.25
  18. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 2.29
  19. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 3.1
  20. Э. А. Томпсон. 2.VI.3. Перебежчики-византийцы // Римляне и варвары. Падение Западной империи / Пер. с англ. Т. О. Пономаревой; под ред. М. Е. Килуновской. - СПб.: Издательский Дом «Ювента», 2003. - C. 91 - 288 с.
  21. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 3.2
  22. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 3.4
  23. Томпсон Э. А. 2.V.3. Военные успехи Тотилы // Римляне и варвары. Падение Западной империи / Пер. с англ. Т. О. Пономаревой; под ред. М. Е. Килуновской. - СПб.: Издательский Дом «Ювента», 2003. - C. 75 - 288 с.
  24. Корсунский А.Р., Гюнтер Р. Глава 10. Установление власти Одоакра в Италии. Остготское королевство // Упадок и гибель Западной Римской Империи и возникновение германских королевств - М.: Изд-во Москов. ун-та, 1984. - C. 72 - 254 с.
  25. Прокопий Кесарийский, «Война с готами», кн. 3.8